ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լավրովի հայտարարությունը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ֆոնին
2019-01-16 18:35:12

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Փարիզում ԵԱՀՄ միջնորդների մասնակցությամբ այս պահին տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում:
Այդ ընթացքում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հասցրել է նաև  Բաքվից հնչող հայտարարություններին աջակցելու պատրաստակամության մասին հայտարարել:

Ինչ հայտարարություններ են հնչում Բաքվից ու ինչ պատասխան է տալիս դրանց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

0:00
0:00

Բաքվից հնչող հայտարարությունները ղարաբաղյան խնդրում հանգուցալուծում փնտրելու պատրաստակամության մասին արժանի են աջակցման՝ հայտարարում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հույս է հայտնում, որ հայկական կողմը փոխադարձ պատրաստակամությամբ կպատասխանի Բաքվի հայտարարություններին:

«Կարծում եմ, որ այդ թվում և Բաքվից հնչող հայտարարությունները լուծումներ փնտրելու պատրաստակամության մասին՝ արժանի են լիակատար աջակցության։ Հուսով ենք, որ հայաստանյան մեր ընկերները  փոխադարձ համարժեքությամբ  կպատասխանեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

Իսկ Բաքվից հայտարարություն նախօրեին արել էր  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը պետք է ամեն ինչ անի Հայաստանի քաղաքացիներին հարևան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար: Նա չի հապաղել նշել, որ դա հնարավոր է հայկական կողմի զիջումներից հետո:

Մասնավորապես՝ մատնացույց է արել հայկական զորքերի դուրս բերումը ազատագրված տարածքներից, այնուհետև ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձ այդ տարածքներ, ինչին էլ կհաջորդեն, ըստ Հաջիևի, վստահությանն ուղղված քայլերը՝ հաշտեցման ու տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ:

Ղարաբաղյան խնդրում Հայաստանի դիրքորոշման մասին այսօր խոսվեց ԱԺ-ում։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը առիթ էր անդրադառնալու խնդրի կարգավորմանը:

«Առաջնորդվելու ենք ՀՀ շահերով և առաջնորդվելու ենք ՀՀ ժողովրդի որոշումներով: Պետք է բացառվի առանց ժողովրդի  դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքականության որոշման կայացման պրակտիկան»:

Դուշանբեում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև կարճատև զրույցն էլ, ըստ Ռուբինյանի, հիմք դարձավ էականորեն նվազեցնելու առաջնագծում բախումներն ու  հրադադարի ռեժիմի խախտումները, ստեղծվեց օպերատիվ կապ երկու երկրների միջև:


Ռուբեն
Ռուբինյանը նաև վստահեցրեց՝ թյուր են կարծիքները, թե Երևանը հրաժարվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Դրանք շարունակում են մնալ օրակարգում՝ ասաց:

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպման մասին Ռուբեն Ռուբինյանը հստակեցնում է, կարևոր բովանդակային փուլ բանակցություններում դեռ չի սկսվել, հարցը բուն բանակցությունների ապահովման մասին կարող է լինել:

Լավրովն իր խոսքում նաև նկատի է առել, որ նախորդ տարի Հայաստանում փոխվեց իշխանությունը և այդ պատճառով Մոսկվայի ներդրումը ղարաբաղյան խնդրում  սահմանափակվում էր  ճանաչողական կապերի հաստատմամբ:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առումով Լավրովը կարծիք է հայտնել, որ  կարող են աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացած հակամարտության առանձնահատկություններ է ձեռք է բերել , սակայն ենթակա է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի ու միջազգային հանրության՝ համանախագահների աջակցության պարագայում: