ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորել է Փաշինյանին
2019-01-16 15:10:40

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր է կապում և պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի: Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ Ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում», - ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, իր ուղերձում ասել է Սեմերիկովը։

Նա նշել է, որ հույս ունեն շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու նպատակով:

«Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցչի՝ Յուրի Խաչատուրովի, ազատվելուց հետո կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը հանձնարարվել է գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

ՀԱՊԿ-ում ոչ ստանդարտ իրավիճակը ձևավորվել է Հայաստանի  ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին, կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո: Պաշտոնական Երևանը պնդում է, որ պաշտոնը  պետք է զբաղեցնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ: Բելառուսը շահագիգիռ է, որ ռոտացիոն կարգով պաշտոնավարումն անցվի իրեն և ակտիվորեն շրջանառում է իր ներկայացուցչի՝ Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից: