ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանն է ճնշում մամուլը, թե՞ մամուլն է քաղաքական նպատակներ հետապնդում
2019-01-16 19:03:50

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարման շրջանում արել ու անում է հայտարարություններ, որոնք մահակ են՝ ուղղված ողջ լրատվադաշտին՝ հայտարարել է Լրագրողների միության նախագահ, թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ հիշատակելով Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը որոշ լրատվամիջոցների հակապետական գործողությունների մասին:

Սեյրանյանին միացել է նաեւ խմբագիր Արմինե Օհանյանն ու տարակուսել՝ արդյո՞ք վարչապետ դարձած Փաշինյանը մոռացել է լրագրողական սեփական ուղին ու փոխել մոտեցումը ԶԼՄ-ների աշխատանքի հանդեպ:

Որքանո՞վ է ազատ շնչում այսօր մամուլը։

0:00
0:00

Լրատվամիջոցներին մեղադրել հակապետական գործողությունների մեջ, նույնն է, թե խոսել դավաճանության մասին: Ուստի դրան պետք է հետեւեին իրավական գործողություններ: Իսկ ո՞ւր են դրանք՝ հարց է տալիս Լրագրողների միության նախագահ, խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, հիշում Նիկոլ Փաշինյանի անցած լրագրողական ճանապարհը եւ տարակուսում լրատվադաշտի հանդեպ նույն Փաշինյանի փոխված վերաբերմունքից:

«Փաշինյանը, լինելով խմբագիր, առաջամարտիկ է եղել բազմաթիվ նման կարգի խոհանոցային, ներքաղաքական, կուլիսային լուրեր հրապարակելիս, ընդհուպ մինչեւ քաղաքական գործիչների ու նրանց ընտանիքների ներքնաշորերի ու էլի չասեմ ինչի մասին: Ու հիմա կոչ անել խոհեմության ու բարոյականության՝ սա համարում եմ ոտնձգություն մեդիայի դեմ, որը բոլորիս հետ կարող է պատահել»:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի համար էլ անհասկանալի է, իր ձեւակերպմամբ, իրենց օգնությամբ իշխանության եկած վարչապետի նոր ձեռագիրը ԶԼՄ-ների հետ աշխատանքում: Փաշինյանի վերջին հայտարարությունը «Հրապարակ» օրաթերթի հրապարակումներից մեկի վերաբերյալ Օհանյանը համարում է սեւ քարոզչություն:

Թեեւ նաեւ նկատում է, որ դրանից իրենց դիտելիությունն է ավելացել: Բայց, Օհանյանի դիտարկմամբ, Փաշինյանի ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ եղած գաղջը ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: Օհանյանին ու Սեյրանյանին տարօրինակ է թվում նաեւ Փաշինյանի վերջին՝ հետեւյալ հայտարարությունը:

«Լրատվական դաշտի 90 տոկոսն այսօր կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ մեզ՝ ընդդիմադիր ուժերին: Նախկին իշխանության երկու հիմնական սուբյեկտ կա, որոնք տիրապետում են լրատվադաշտին, բայց որոնց անունները ես հիմա չեմ տալիս, քանի որ մենք հիմա դա չենք քննարկում: Ինչու է սա շատ կարեւոր. այսօրվա լրատվադաշտում փորձ է արվում մեզ հանրապետականացնել, այսինքն՝ ասել, թե տեսեք՝ այսօրվա իշխանությունը նույնպիսին է, ինչպիսին նախորդ՝ հանրապետական իշխանությունն էր, տարբերություն չկա»:

Փաշինյանն անուններ չտվեց, իսկ խմբագիր Արմինե Օհանյանը տվեց, ավելին՝ անհեթեթ անվանեց այս ու նման հայտարարությունները, որոնցով իրենց անունն այս կամ այս կերպ կապվում է նախկին իշխանության հանրապետական ներկայացուցիչների հետ:

«Այնքան անհիմն մեղադրանք է, որ դրան նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնալ: Տարիներ շարունակ իրեն էին համարում Սերժ Սարգսյանի ու Միշիկի, սրա ու նրա պրոյեկտները. մեզ Հանրապետականի հետ կապելն ավելի աբսուրդային մեղադրանք է, քան՝ իրեն ուղղված այդ մեղադրանքները»:

Օհանյանն ու Սեյրանյանը չեն հասկանում՝ ինչու է ժամանակին շատերին քննադատած Փաշինյանն այսօր այսքան ցավոտ տանում իր հանդեպ քննադատությունը, ինչի մասին եւս խոսել էր Փաշինյանը՝ անհասկանալի համարելով, թե ինչու է իր ընտանիքի առօրյա առեւտուրը կամ իր որդու՝ բանակից արձակուրդ գալը ներկայացվում վերնագրերում՝ ճոխ ու աննախադեպ բնորոշումների տակ: Արմինե Օհանյանը սրան էլ արձագանքում:

«Երկրի վարչապետը չպիտի զբաղվի դրանով: Չպիտի խոսի դրա մասին ընդհանրապես: Պիտի թեթեւ նայի, որ, այո, իր աղջկա ծննդյան մասին էլ կգրեն: Մեկը լավ կգրի, մեկը վատ կգրի, մեկը ճիշտ կգրի, մեկը զրպարտություն կգրի: Դա նորմալ ապրող, աշխատող երկրի առօրյան է»:

«Ռադիոլուրը» Օհանյանից փորձեց ճշտել՝ իրո՞ք նա նորմալ է համարում, որ լրատվամիջոցը կարող է սխալ ու չճշտված տեղեկություն տարածել:


«Դու չես կարող պարտադրել, պահանջել, որ իդեալական լինի ամեն ինչ: Վրիպումներ, սխալներ, մարդ ենք, կարող են լինել: Մենք էլ կարող ենք մի բան անտեսել»:

Սաթիկ Սեյրանյանը համամիտ է գործընկերոջ հետ նաեւ այն հարցում, որ Փաշինյանն այժմ մամուլին զսպելով փորձ է անում շեղել ուշադրությունն այն նոր մարտահրավերներից, որոնց առաջ կանգնել է ու այն սխալներից, որոնք արդեն թույլ է տվել: Ավելին՝ Սեյրանյանը ավելի հեռուն էլ գնաց ու հակադարձեց Փաշինյանի հայտարարությանը, թե մամուլը Հայաստանում երբեւէ ավելի ազատ չի եղել:

«Մամուլի, խոսքի ազատությունը, համարում եմ, որ հետնահանջ ունի, վախ կա, եւ հույսն ունեմ՝ կճեղքենք այս պատը»:

Արդյո՞ք ազատ խոսքն այսօր Հայաստանում ավելի ճնշված է, լրատվադաշտը՝ նույնպես: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ճիշտ հակառակ կարծիքին է՝ վախի մթնոլորտը մտացածին է, ու ցանկացած համեմատություն հետհեղափոխական շրջանի ու Սերժ Սարգսյանի կառավարած 10 տարիների ընթացքում հօգուտ այսօրվա է:

«Կարծում եմ՝ այդ հայտարարություններով որոշ լրատվամիջոցների ղեկավարներ, որոնք ինչ-ինչ քաղաքական նպատակներ են հետապնդում, ուղղակի աշխատում են սեւացնել վիճակը»:

Ուղղակի պետք է մարդ անաչառ չլինի, որ համարի, թե հիմա իրավիճակն ավելի վատ է, քան կար հեղափոխությունից առաջ՝ բանավեճին փորձում է վերջ  դնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: