ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուկրաինայի նախկին դեսպանի գործունեությունը՝ ԼՀԿ-ԲՀԿ հակամարտության նոր առիթ
2019-01-16 19:11:35

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Արտաքին քաղաքական ոլորտի խնդիրներն այսօր թեժացրել են Ազգային ժողովի մթնոլորտը: Հերթական բանավեճն է ծավալվել «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների  միջև:

Առիթը եղել են Լուսավոր Հայաստանի պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկումները  արտաքին քաղաքականության և  դիվանագիտական կորպուսի վերաբերյալ: Ուկրաինայի դեսպանին առնչվող գնահատականները հարուցել են ԲՀԿ-ականների բողոքն ու դժգոհությունը:

Թեժացած մթնոլորտը ֆեյսբուքյան  ուղերձով ավելի ուշ փորձել է մեղմել  ԼՀ խմբակցության ղեկավարը:

0:00
0:00

ԱԺ փոխնախագահի ընտրության հարցից ծագած բանավեճը նոր սպառած՝ «Բարգավաճ Հայաստանն»  ու «Լուսավոր Հայաստանն» այսօր  նոր վեճի բռնվեցին: Առիթը ծագեց արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ: Թեկնածուն «Իմ քայլը» դաշինքի անդամ, նախկին  փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն էր: Նրան պատգամավորները  հարցեր էին ուղղում, հարցերից մեկը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամից էր:

«Պարոն Ռուբինյան, դուք գիտեք, թե միայն Լոս Անջելեսում   Հայաստանի գլխավոր հյուպատոսության  քանի աշխատակից է դիմել գրին քարտի և ապա քաղաքացիության համար: Ես կարող եմ մի քանի անուն վկայաբերել, որոնք նշանակվել են բարձրաստիճան ծառայության և չեն վերադարձել Հայաստան»:

Արման Բաբաջանյանը կարող էր ոչ միայն այդ անունները վկայակոչել, այլ նաև փաստեր՝ դիվանագիտական կորպուսի տարբեր ներկայացուցիչների վերաբերյալ: Նա նախ տեսակետ հայտնեց, որ տարիներ շարունակ դեսպաններ են նշանակվել են կասկածելի կենսագրությամբ  մարդիկ, հետո խոսեց կոնկրետ օրինակների՝  Ռուսաստանում, Վրաստանում Հայաստանի դեսպանների մասին, ավելի մանրամասն անդրադարձավ նաև  Ուկրաինայի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը:

«Նա, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ շարունակ  զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշներ ստանալով եւ տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով: Ըստ տեղեկությունների, այդ նույն անձը Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական ներկայությունը տարիներ ի վեր ծառայեցրել է ավելի շատ ՌԴ-ի շահերը առաջ մղելով, քան ՀՀ-ի»:

Այս դիտարկումները լուրջ դժգոհություն առաջացրին ԲՀԿ խմբակցության շարքերում, որտեղ  Անդրանիկ Մանուկյանի հետ ուղիղ առնչություն ունեցող առնվազն մի քանի պատգամավոր կա: Խմբակցության անդամ է Անդրանիկ Մանուկյանի որդին ,  նա  Բաբաջանյանին ելույթին արձագանքեց տեղից, հետո   աղմուկով հեռացավ  նիստերի դահլիճից: Իսկ ԲՀԿ խմբակցության քարտողար Արման Աբովյանը նախկին դեսպանի նախկին խորհրդականն է:

Նա Արման Բաբաջանյանին պատասխանեց ելույթով: Նրան մեղադրեց ադրբեջանական քարոզչության թեզերն առաջ տանելու մեջ:


«Բոլոր արտահայտությունները, որ եղան նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացահայտ սուտ էին: Ոչ մի օր չի եղել, որ պարոն Մանուկյանը չծառայի իր հայրենիքին: Ադրբեջանական պրոպագանդայի թեզեր ներկայացրեցիք, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»:

Ելույթի ընթացում մոտ 5 րոպե քննարկումն արդեն  շարունակվեց   տեղերից՝  գոռգոռոցներով ու հարաբերություններն այլ տեղում պարզելու կոչերով:

Հետո արդեն լրացուցիչ մեկնաբանություններ տրվեցին միջանցքներում: Արման Աբովյանն ասաց, որ զրպարտությունն այնքան շատ էր, որ ստիպեց խորհրդարանական առաջին շոկն ապրել,  չբացառեց  դատական հայց ներկայացնելու հեռանկարը:

Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ  պատրաստ է դատարանում նոր փաստեր ներկայացնել,  բացատրեց  նաև, որ փաստերը վկայակոչել է միայն այն նպատակով, որ հետագայում բացառվեն դեսպանների անհաջող նշանակումները: Պարզաբանումներից պարզ դարձավ, որ ի տարբերություն մյուս դեսպանների,  Արման Բաբաջանյանը Վատիկանում նախկին դեսպանի աշխատանքը բարձր է գնահատում:

«Ես կարծում եմ, որ ինքը լավագույն դեսպաններից է եղել»:

Ավելի ուշ միջադեպին ֆեյսբուքյան ուղերձով արձագանքեց  ԼՀ խմբակցության ղեկավարը: Մարուքյանի  խոսքով ՝ միջադեպը մեծ ռեզոնանս է առաջացրել և պարզաբանման կարիք ունի: Նա բացատրեց, որ իրենք նախահարձակ չեն եղել, պարզապես ավելի քաղաքակիրթ բանավեճի հորդոր են արել: Կարծում են, որ  պատգամավորները պետք է  սովորեն քաղաքական ելույթներ լսել և դրանից հետո միմյանց հարգել: