ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համանախագահները գնահատել են կողմերի ջանքերը՝ ուղղված բանակցությունների արդյունավետությանը
2019-01-17 11:18:19

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):

Նրանք նշում են, որ բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ քննարկել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան: ՄԽ համանախագահներ նաև այցելել են Ելիսեյան պալատ, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դիվանագիտության գծով խորհրդականներին ներկայացրել են բանակցությունների արդյունքները:

Համանախագահները Մնացականյանին ու Մամեդյարովին հայտնել են՝ որքան են գնահատում կողմերի գործադրած ջանքերն արդյունավետ բանակցությունների անցկացման համար բարենպաստ մթնոլորտը պահպանելու ուղղությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

Հանդիպումների ընթացքում համանախագահներն արտգործնախարարների հետ ուսումնասիրել են ընթացիկ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները:

Արտգործնախարարներն ու համանախագահներն ուսումնասիրել են նաև բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հավանական հանդիպմանն ուղղված հետագա քայլերը:

Համանախագահներն ընդգծել են նաև տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման նպատակով հավանական փոխադարձ շահեկան նախաձեռնությունների կարևորությունը: