ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դեսպանատունը փորձում է բանակցել Մանթաշևի տան սեփականատիրոջ հետ
2019-01-18 12:05:35

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը փորձում բանակցել Մանթաշևի տան սեփականատիրոջ հետ, որը վաճառքի է դրել տունը։ Այս մասին «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանատնից՝ նշելով, որ անշուշտ, պատիվ կլիներ, դեսպանատունը տեղակայել մեծ բարերարի տանը։

Մանթաշևի տան վաճառքի հարցը մեծ հնչեղություն է ստացել հայ համայնքի շրջանում։ «Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով:

0:00
0:00

Հայ մտավորականների կենտրոնատեղի համարվող հայտնի Սոլոլակ թաղամասում ճարտարապետական ճոխ ձևավորմամբ առանձնանում է վերածննդի բարոկկո ոճով կառուցված Մանթաշևի տունը։ Անվանի նավթարդյունաբերող, մեծահարուստ և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցը բազմաթիվ շինություններ է նվիրել Թիֆլիսին, սակայն այս մեկը այն առանձնատունն է, որտեղ մշտապես ապրել է իր ընտանիքը: Երկհարկանի այս տան զարդարված պատշգամբներին մինչ օրս էլ պահպանված են Մանթաշյանցի կնոջ՝ Դարյայի դիմաքանդակները:

«Նրա մյուս տները ավելի շատ եղել են եկամտաբեր։ Այս տունը կարևոր է նաև, որ հյուրընկալել է Խրիմյան Հայրիկին, Այվազովսկուն և շատ ուրիշներին։ Հիմա բոլոր շինություններն էլ կարևոր են, Թիֆլիսը մի ամբողջ հուշարձան է մեզ համար, մանավանդ Սոլոլակ թաղամասը, որը հիմնականում կառուցված է հայ բարերարների ու ճարտարապետների կողմից»,-ասում է թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։

Այսօր, երբ մեծ հնչեղություն է ստացել տան վաճառքի փաստը, «Թբիլիսիի հայերի միությունը» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով:

«Տունը իդեալական է Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոնի համար: Վերանորոգումից հետո ՀՀ դեսպանատան այստեղ գործելը հատկապես ակտուալ է, քանի որ մեր՝ Թբիլիսիի հայերի համար վիրավորական է այժմյան դեսպանատան վայրը, այսպես կոչված, Շան նրբանցքում»,- ասված է միության տարածած նամակում:

Այս պահին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը փորձում է բանակցել Մանթաշևի տան սեփականատիրոջ հետ։ Այս մասին «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց դեսպանատան մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանը՝ նշելով․«Դեսպանությունը սիրով կտեղափոխվեր այդ շենք, եթե նման հնարավորություն լիներ ու շենքը գնվեր։ Դա մեզ համար միայն մեծ պատիվ և հպարտություն կլիներ դեսպանությունը տեղակայել այն շենքում, որտեղ ապրել է մեծ մեկենաս Ալեքսանդր Մանթաշևը»։

Նկատեմ, որ տարածված տեղեկատվության համաձայն՝ խոսքը գնում է 10 մլն դոլարի մասին։

Մանթաշյանցն անգնահատելի հարստություն է թողել այս քաղաքին, որը մենք պետք է պահպանենք։ Ռադիոլուրի հետ զրույցում ասում է թիֆլիսագետ, քաղաքի վավերագիր Ալքեքսանդր Էլիսաշվիլին՝ նկատելով, որ մայրաքաղաքի կենտրոնում հայտնի Շարդեն փողոցի վրա կառուցված Մանթաշևյան հայտնի առևտրային շարքերը դարձել են այս քաղաքի այցեքարտը։ Նրա խոսքով, քաղաքը սիրողներն ուղղակի հպարտանում են Մանթաշևի գործերով ու նրա թողած հարստությամբ։

«Այն, ինչն այսօր մեզ դուր է գալիս Թբիլիսիում, ուղղակիորեն կապված է Մանթաշևի հետ։ Եվ դա չի արվել միայն, քանի որ նա գումար է ունեցել, ես վստահ եմ, որ նա սիրել է այս քաղաքը, որտեղ ապրել է»։

Էլիսաշվիլիի խոսքով, իր համար կարևոր չէ, թե ում կպատկանի այդ շենքը, կարևորը որ այն պահպանվի՝ հիշեցնելով սերունդներին, թե ով է կառուցել ու ապրել պատմական այս տանը։

Հայ համայնքը տարիներ շարունակ աշխատել է այս տան պատին Մանթաշևի հուշատախտակը տեղադրելու ուղղությամբ, քաղաքապետարանից թույլտվությունը կա, դեսպանատնից նշում են, որ հարցը մոտ ժամանակներս կլուծվի։