ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության կառուցվածքը կփոխվի միայն մինչեւ «վերջին դետալը» հստակեցնելուց հետո
2019-01-17 17:16:26

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

0:00
0:00

Կառավարությունը դեռ չի շտապում ԱԺ ներկայացնել իր կառուցվածքը փոխելու օրինագիծը, բայց ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ հարցը ներառվել է օրակարգ:

Այսօր կառավարություն նիստում վարչապետ Նիկոլ  Փաշինյանը ասաց, որ մինչև վերջին դետալը դեռ չեն հստակեցրել կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար:

«Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝  կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով», - ասում է Նիկոլ Փաշինյանը:

Քանի դեռ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը դրված չէ պատգամավորների սեղաններին, նրանք դժվարանում են ասել, թե ինչպես կքվեարկեն։ Սակայն կան հարցեր, որոնց դեպքում, եթե իրենց առաջարկները չընդունվեն, ապա միանշանակ դեմ են քվեարկելու։

Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի այն նախագծին, որը կպահպանի սուպերվարչապետական համակարգը՝ այսինքն ոստիկանությունը եւ ԱԱԾ- ն կմնան վարչապետի վերահսկողություն ներքո։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ այս կառույցները պետք է լինեն նախարություններ, լինեն խորհրդարանի վերահսկողության տակ։

«Առնվազն անլուրջ կլինի այսօր  խոսել քվեարկության մասին, քանի  դեռ  հստակ չէ, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու կառավության  կառուցվածքը»,- ասում է  ԲՀԿ պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը։ Միաժամանակ նշում՝ դեմ կլինի մշակույթի նախարարության լուծարմանը։ Ըստ պատգամավորի՝ չպետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ ոլորտը ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ և դիլետանտ նախարարներ, հետաևաբար այդ նախարարությունը մեզ պետք չէ:

«Իմ քայլը»  դաշինքից պատգամավոր Վահագն Հովակիմյանը դժվարացավ ասել, թե կառուցվածքային ինչ փոփոխություններ կլինեն, բայց որ օպտիմալացում լինելու է՝ հստակ է։

«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի: