ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զինվորների մոտ 44  տոկոսը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում
2019-01-17 17:21:45

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ռազմաբժշկական ծառայության կողմից արվում է առավելագույնը, որպեսզի հիվանդ կամ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում:

Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հավաստիացրել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ՝ դիտարկումները ցույց են տալիս, որ ընդհանուր զորակոչվողների մոտ 44  տոկոսը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում:

ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն էլ հստակեցրել է, որ 44 տոկոսից 17 տոկոսի դեպքում ծառայելու սահմանափակումներ չեն կիրառվում, իսկ 83 տոկոսն ունենում է հստակ սահմանափակումներ՝ ազատվելով տարբեր տեսակի ֆիզիկական ծանրաբեռնվածություններիզ, մարտական հերթապահությունից: Հերթական զորակոչի հետ կապված տվյալներն ամբողջական կամփոփվեն գործընթացի ավարտից հետո:

0:00
0:00

Ռազմաբժշկական ծառայության առաջին հանդիպումը զորակոչիկների հետ տեղի է ունենում կենտրոնական հավաքակայանում: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ հանձնաժողովի զննությունից հետո բացառում են սուր առողջական խնդիրներով զինակոչիկների զորակոչումը:

«Այս պահին հանրապետությունում մի քիչ լարված է համաճարակային իրավիճակը՝ սուր շնչական հիվանդությունների առոմով: Սեզոնային բռնկում կա: Այդ իսկ պատճառով հավաքակայանում ջերմաչափումով եւ արտաքին զննումով հնարավոր է լինում հայտնաբերել սուր-շնչական խնդիրներով երեխաներին, նրանց բուժումը զորակոչումից հետո իրականացնել հիմնականում կոնտրոնական հոսպիտալում եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Բուժումը իրականացնելուց հետո, այնուհետեւ, զորակոչվածները կներկայանան ըստ իրենց զորամասերի»:

Գայանե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անցած զորակոչից ռազմաբժշկական հանձնաժողովը հետ է վերադարձրել չհետազոտված եւ փորձաքննություն չանցած զորակոչիկների: Նրանց նկատմամբ հետազոտություն եւ փորձաքննություն է իրականացվելու՝ մինչեւ զորակոչի ավարտ նրանց զորակոչելու կամ տարկետում ձեւակերպելու նպատակով: ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը հստակեցրեց.


«2018 թ.-ին 24 ժամկետային զինծառայողի վերաբերյալ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ սխալ զորակոչ: Այսինքն, ակնհայտ զորացրվել են մարդիկ, որոնք պիտի զինվորական ծառայության չընդգրկվեին: Նման դեպքեր լինում են: Դա կապված է զուտ նրա հետ, որ ոչ բոլորն են անցնում խորացված հետազոտություններ»:

Գայանե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ շատացել են ողնաշարի խնդիրներով, սիրտանոթային, տեսողության խնդիրներով եւ ալերգիաներով դեպքերը: Նրա փոխանցմամբ՝ դիտարկումները ցույց են տալիս, որ ընդհանուր զորակոչվողների մոտ 44  տոկոսը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում: Նրանք անցնում են սահմանափակումներով ծառայություն: ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն էլ հստակեցրեց.

«Այդ 44 տոկոսից 17 տոկոսն ունի սահմանափակում առանց հոդվածի, այսինքն՝ բժշկական հանձնաժողովները մատնանշում են ունեցած խնդիրը, կամ՝ փաստն են արձանագրում, առանց որեւիցե սահմանափակում նախատեսելու: Մյուս 83 տոկոսն ունենում են կառավարության 404 որոշմամբ հստակ նախատեսված տարբեր սահմանափակումներ: Մենք փորձաքննություն ենք անցկացրել եւ կարող եմ վստահեցնել, որ այդ սահմանափակումները հստակ պահպանվում են զորքերում»:


Փորձաքննության նոր կարգն, ի դեպ, ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 12-ին: Կառավարության որոշման համաձայն՝ օրվա հեշտացված կարգացուցակով ծառայության մեկնածների փորձաքննությունն իրականացվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Այսինքն՝ ամբողջ ծառայության ընթացքում 4 անգամ պարտադիր: Հունվարի 21-ից կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը սկսելու է հերթական փորձաքննությունը՝ նախորդ զորակոչերի հետ կապված: Դրա արդյունքում՝ դիտարկումներն ու եզրակացությունները կներկայացվեն պաշտպանության նախարարին:

«Արդյունքում չի բացառվում, որ որոշ զինծառայողներ, ովքեր զորակոչվել են օրվա հեշտացված կարգացուցակով, անցնեն հասարակ ծառայության»:

Նման կատեգորիայի դեպքեր արդեն կան:  Զորակոչվելով 43 կգ քաշով, ծառայության 6 ամսիներին քաշն ավելացել է մինչեւ 53 կգ: Պարզ է, որ այս դեպքում ծառայության ձեւաչափը կփոխվի հասարակ ծառայության՝ նշեց Սահակ Օհանյանը: Հեշտացված կարգով ծառայություն անցնելու 1 դեպքով էլ, նրա տեղեկացմամբ, նոր փորձաքննության արդյունքում այլ հիվանդության բացահայտմամբ կայացվել է ծառայության համար ոչ պիտանի լինելու որոշում, ներկայացվել է նախարարին՝ վաղաժամ պահեստազոր արձակելու համար: Սահակ Օհանյանը չի շտապում գնահատել փորձաքննության նոր կարգի արդյունավետությունը՝ շեշտելով, որ նման գնահատականի համար առնվազն 2 տարի ժամանակ է հարկավոր: