Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Ղարաբաղյան խնդրով վերջին հայտարարություններում ասվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին: Արցախում և Հայաստանում դա դրական են գնահատում, բայց Ադրբեջանը սեփական ժողովրդին ներարկած հայատյացության մաղձից մոտ ապագայում դժվար թե կարողանա մաքրել: Իսկ տարածաշրջանի զարգացման հարցում Արցախի նախագահի մամուլի խոսնակն անգամ պատրաստի առաջարկներ ունի Ադրբեջանին:
Մնացականյանն ու Մամեդյարովը քննարկել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության հարցը: Փարիզյան հանդիպումից հետո նույն միտքն արտահայտվել է թե ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդների տարածած հայտարարության և թե ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ուշադրության առանցքում էր նաև անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման կարևորությունը՝ նշվում է:
Ուշագրավ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ժամեր առաջ համանման հայտարարություն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա մատնացույց էր անում այդ թվում և Բաքվից հնչող հայտարարությունների կարևորությանը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն էլ նույնաբովանդակ է, սակայն նա արել էր մի հավելում՝ ակնկալել էր զիջումներ հայկական կողմից:
Արցախի նախագահի մամուլին խոսնակ Դավիթ Բաբայանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը.
«Պատրաստել ժողովուրդներին խաղաղության ասվում է, բայց չկա ժամկետ, թե ինչքան ժամանակում: Դրա իրականացման համար նախ վերջակետ պետք է դրվի Բաքվի հայատյաց քաղաքականությանը, ոչ թե շտապել հայտարարել զիջումների մասին: Պատրաստել խաղաղության՝ նշանակում է, որ չպետք է լինի պարտադրանք: Նաև պետք է ընդունեն Արցախի՝ բանակցություններին մասնակցությունը»:
Հայաստանում ադրբեջանցիների դեմ ատելության քարոզ չի տարվում՝ պարզ իրողությունն է արձանագրում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: Նա չի կարծում, թե Բաքուն ի զորու կլինի տարիներով իրականացվող իր նենգավոր գործելաոճից հրաժարվել:
Ղարաբաղյան խնդրով վերջին բոլոր հայտարարություններում շեշտադրվում է տարածաշրջանի կայուն զարգացման մասին: Դավիթ Բաբայանը դա էլ է դրական մոտեցում համարում, լուծման ճանապարհը շատ պարզ է, պատրաստ է անգամ առաջարկը. «Հարևանություն անելու համար նախ Բաքուն պետք է իր մաղձից դուրս գա: Մենք կարող ենք ջուր մատակարարել Ադրբեջանին ու ստանալ վառելիք»:
Դիվանագիտական մակարդակում խոսվում է խաղաղության մասին, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ստահոդ հայտարարություններ տարածել:
Հերթականը՝ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի խոսքերն աղավաղելն է. նշվում է, թե իբր Բաքվում նա Արցախն անվանել է Ադրբեջանի տարածք: Իրանագետ Արմեն Իսրայելյանը ճշտում է իրանական ԻՌՆԱ գործակալությունում ևս այդ լուրի թյուրիմացաբար հայտնվելու, այնուհետև հեռացնելու մասին:
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պարզապես նշել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ինչն իրանագետը Իրանի կողմից արված լավագույն ձևակերպում որակեց. «Իրանը շատ զգուշավոր է իր հայտարարություններում: Այո, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է պաշտպանում, սակայն նաև սահմանների անխախտելիության մասին է միշտ հայտարարում»:
Հայկական կողմը պետք է օգտվի այս հայտարարությունից ու շեշտի, որ խոսքը Արցախի սահմանների անխախտելիության մասին է՝ հորդորում է իրանագետը: