ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերջին հրաժեշտ Ռաֆայել Ջրբաշյանին
2019-01-18 16:00:50

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանին: Նա մահացել էր  հունվարի 16-ին, 96 տարեկան հասակում:

Ռաֆայել Ջրբաշյանը հայ թատրոնի երախտավորներից էր, մեծ է վարպետի ներդրումը ներդրումը հատկապես սերունդների կրթման գործում: 1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը:

Մանկավարժությունը վարպետի համար գիտական-տեսական և գործնական մի ուրույն համակարգ էր, որի առանցքում անհատականությունների բացահայտումն էր: Ռաֆայել Ջրբաշյանը հեղինակ է բազմաթիվ մասնագիտական հոդվածների, խոհերի, գրքերի և թարգմանությունների:

0:00
0:00

Ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ, մասնագիտական բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ, իսկ ամենակարևորը, ինչպես այսօր բնորոշեցին նրա մտերիմներից ու գործընկերներից շատերը՝ երջանիկ մարդ, որն անվերապահորեն սիրահարված էր իր գործին ու 96 տարեկանում էլ հոգու խորքում պահել էր կենսախինդ ու պայծառ հայացքով աշխարհին նայող մանկանը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան. «Միանշանակ երջանիկ էր: Նա տարբեր պաշտոններ էր զբաղեցրել, բայց միևնույնն է՝ մնացել էր որպես Ռաֆայել Ջրբաշյան: Սիրված ու հարգված մանկավարժ էր»:

«Ռաֆայել Ջրբաշյանը ծնվել էր Կիսլովոդսկում: Սովորել Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի բանասիրության բաժնում, բայց հայերն լեզվով հրաշալի թարգմանությունների հեղինակ է»,-ասում է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նա կրթել է թատերական ռեժիսորների մի ամբողջ սերունդ: Ռաֆայել Ջրբաշյանի սաներից են եղել անվանի դերասաններ, հաղորդավարներ, թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, բեմադրիչներ, ժողովրդական արտիստներ:

Ասում են, որ մեր ժամանակի լավագույն ռեժիսորները եղել են Ջրբաշյանի սաները, հարցիս նրա երբեմնի ուսանողը՝ ռեժիսոր Արթուր Սահակյանն արձագանքում է. «Այո, նա կարողանում էր իր ուսանողից մարդ սարքել»:

«Նա կռիվ էր տալիս ուսանողի հետ նրա իսկ հաջողության համար: Միշտ հիշելու ենք նրա ձայնը, էքսցենտրիկ շարժուձևը: Ռաֆայել Ջրբաշյանը բացառիկ մանկավարժ էր, իր գործի անվերապահ նվիրյալը»:

«Իր ուսանողների առաջին հանդիսատեսն էր, մեր հաջողություններով ուրախանում էր ավելի շատ, քան ինքներս»,-ասում է Արթուր Սահակյանը: Ռեժիսոր Արամ Շահբազյանը ևս բախտ է ունեցել լինելու Ռաֆայել Ջրբաշյանի ուսանողը: Սիրելի դասախոսի մասին այսօր փորձեց հիշել ամենահետաքրքիր դրվագները:

Արամ Շահբազյանը պատմեց, որ Ջրբաշյանն անգամ կարող էր ամիսներ շարունակ դատարաններում անցկացնել, եթե ուսանողներից մեկը անձնական կամ այլ պատճառներով հայտնվել էր դատական գործընթացների մեջ:

Նա ապրում էր իր ուսանողներով և ուսանողների մեջ ապրելու է մահից հետո էլ: Ռաֆայել Ջրբաշյանի ձայնը, խիստ ինքնատիպ շարժուձևն ու իր մասնագիտությանն անվերապահորեն նվիրված մանկավարժի կերպարը մոռանալն անկարելի է: Սա նրա սաների խոստովանությունն էր: