ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ն կսպասի կառավարության ծրագրին
2019-01-18 18:40:42

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

7-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավար կազմն ամբողջությամբ ձևավորված է. նորընտիր օրենսդիր մարմինն ունի նախագահություն, խմբակցությունների ղեկավարներ և հանձնաժողովի նախագահներ:

Փակ, գաղտնի քվեարկությամբ  այսօր ընտրվել են ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահները: Քվեարկության արդյունքներն  անակնկալներ  չեն մատուցել. առաջադրված բոլոր թեկանծուներն ընտրվել են 100-ից ավելի կողմ ձայներով:


0:00
0:00


«Հազիվ եկավ այս երկար սպասված պահը…»: Նոր խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն է, իսկ երկար սպասված պահը՝ հանձնաժողովների նախագահների ընտրությունը: 

Շուրջ 5 օր պատգամավորնբերը տրամադրեցին թեկնածությունները քննարկելուն, հերթով լսեցին 11 թեկնածուներից յուրաքանչյուրին, հարցեր տվեցին ու ելույթներ ունեցան:

Վերջին թեկնածուի մասին վերջին ելույթից հետո ԱԺ նախագահին  այլ բան չէր մնում, քան բուռն քննարկումներին համարժեք քվեարկության արդյունքներ ակնկալելը:

«Ուզում եմ հույս հայտնել, որ այս երկարատև, բուռն, հարցաքնննության նմանվող քննարկումներից հետո բոլոր ֆրակցիաները բոլոր թեկնածուներին կողմ կքվեարկեն»:

Համարյա այդպես էլ եղավ: Առաջադրված բոլոր թեկնածուներն ընտրվեցին: Քվեարկության միակ ինտրիգն այն էր, թե ով է ավելի շատ կողմ կամ դեմ ձայն ստացել: Ամենաշատ կողմ և միաժամանակ ամենաքիչ դեմ ձայները ստացելեն ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու «Իմ քայլից» Վարազդատ Կիրակոսյանը:

Առաջինը ղեկավարելու է Մարդու իրավուքների և հանրային հարցերի, երկրորդը ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Երկուսի օգտին էլ  կողմ էր քվեարկել 127, դեմ՝ ընդամենը 2 պատգամավոր:

Ամենաշատ դեմ ձայները՝ 17, ստացել էր եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դարձած Արման Եղոյանը, իսկ ընդհանրապես բոլոր թեկնածուներն ընտրվեցին 100-ից ավելի կողմ ձայներով:


Ի դեպ, քվեարկությունից բացակայում էր 3 պատգամավոր և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացակաների թվում չէր: Նա այսօր այս շաբաթվա մեջ երկրորդ անգամ եկել էր խորհրդարան, լրագրողներին վստահեցրեց, որ հաճախ է գալու, ելույթներ ԱԺ ամբիոնից,  եթե կարիք լինի, ունենալու է:

Գագիկ Ծառուկյանը 16 տարվա պատգամավորական գործունեության մեջ  առաջին անգամ այս նստաշրջանում  ամբիոնից ելույթ ունեցավ, որի ունուղղակի հասցեատերը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր:

ԲՀԿ առաջնորդն այսօր վստահեցրեց, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի միջև լարվածություն չկա. «Սովորական վեճ էր, խոսակցություն, ամեն ընտանիքում էլ լինում է: Հարթվեց, կարգավորվեց»:

Իսկ ով է ավելի ընդդիմադիր հարցը Գագիկ Ծառուկյանն անիմաստ է համարում: ԲՀԿ-ն, ասում է, կենտրոնամետ ուժ է. «Եթե կառավարության մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես: Բայց մեկը ավելի ուժեղ, մյուսը թունդ, ես չեմ հասկանում»:  

Հանձնաժողովների նախագահների  ընտրությունից հետո  նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքն ընդմիջվել է, կշարունակվի, երբ գործադիրը օրենսդիրի  հաստատմանը ներկայացնի  կառավարության ծրագիրը:

Մինչև առաջին նստաշրջանի ավարտը  գործադիրը կարող է նաև կառավարության կառուցվածքը փոփոխելու մասին նախագիծ ներկայացնել. կանի դա մինչև ծրագրի հասրատո՞ւմը, թե՞ դրանից հետո,  առայժմ պարզ չէ: Ըստ Արարառտ Միրզոյանի՝ նախագիծը դեռ քննարկվում է. «Իսկապես դեռ որոշում չկա»:

Մինչդեռ հստակ է առաջարկներից մեկի նկատմամբ իշխող ուժի վերաբերմունքը:  Լրջագույն  քաղաքական սխալ կլինի Ազգային անվտանգության ծառայությանը  և Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը՝ ասում է Արարատ Միրզոյանը։ Այս առաջարկը պնդում է Լուսավոր Հայաստանը:

«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին, տասնամյակներում երկու, երեք, մեր ունեցած քաղաքական, ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը»:

Ինչ վերաբերում է այդ կառույցների նկատմամբ վերահսկողությանը, ապա ԱԺ նախագահը կարծում է, որ այդ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու տարբեր մեխանիզմներ կան:  

«Սրա մասին խոսվում է նաև սուպերվարչապետական համատեքստում և, օրինակ, լուծում կարող է լինել, նորից իմ մասնավոր կարծիքն եմ ասում, որ Ոստիկանությունը, ասենք, օրինակ, վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ի դեպքում, ես կարծում եմ, որ պետք է մնա վարչապետի ենթակայության տակ»:

Ընդհանուր առմամբ՝  ԱԺ նախագահաը չի կիսում նոր իշխանության ձախողման մասին հոռետեսական կանխատեսումները: Կարծում է, որ նոր իշխանությունները կատարել են իրենց առաջնային առաքելությունը, հաղաթահարել են թիվ մեկ մարտահրավերը՝ ազատ և արդար Հայաստանի հիմքերը դնելով, հիմա հերթը  տնտեսական ու սոցիալական բարեփոխումներինն է, որին իշխանությունը կլծվի կառավարության ձևավորումից անմիջապես հետո: