ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քրգործ՝ Լեւոն Երանոսյանի դեմ
2019-01-18 16:00:50

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած Հայաստանի ոստիկանության զորքերի (ՈԶ) զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72 հազար դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018 թվականների ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72-հազարական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, գործընթացն իրականացվել է Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: 2014-ից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72 հազար դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52 հազար դրամ արժողության հանգստի ծառայություններ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-2018թթ. ընթացքում Լևոն Երանոսյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, 2013-2018թթ. ընթացքում անցնելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ ՈԶ զորամասերի հրամանատարությանը, որպեսզի զորամասի ծառայողներն իրենց սոցիալական փաթեթների շրջանակներում հանգստի կազմակերպման վերաբերյալ պայմանագրեր կնքեն իր մատնանշած տուրիստական կազմակերպությունների հետ, որպիսի պայմաններում որոշ զինծառայողների ընդհանրապես չեն տրամադրվել հանգստի ծառայություններ, իսկ մյուսներին էլ 72 հազար ՀՀ դրամ գումարի փոխարեն փաստացի տրամադրվել են 52 հազար ՀՀ դրամին համարժեք», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Այսօր որոշում է կայացվել Հայաստանի ոստիկանապետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին: Նույն օրը որոշում է կայացվել նաև քրեական գործը՝ ըստ քննչական ենթակայության, Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին: