ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ելնում է մի նոր Երևան». մայրաքաղաքը՝ պաստառներում
2019-01-19 14:20:01

Անի Մինասյան

«Ռադիոլուր»

Հայկական բարեգործական ընդհանուր միությունում բացվել է «Ելնում է մի նոր Երևան» խորագրով պաստառային արվեստի ցուցահանդես, որտեղ ներկայացված են 19-րդ դարի վերջից մինչեւ մեր օրերը Երևանում ստեղծված և քաղաքին նվիրված պաստառներ: Մինչև փետրվարի 14-ը «հին» ու «նոր» Երևանի դռները բաց կլինեն այցելուների առջև:

0:00
0:00

Մելիք-Ադամյան 2/2 հասցեում մինչև փետրվարի 14-ը կարելի է տեսնել 19-րդ դարի, նախախորհրդային, խորհրդային տարբեր ժամանակների, հետխորհրդային ու մերօրյա Երևան: Այստեղ մի հարկի տակ իրար կողք կողքի են պաստառային արվեստի տասնյակ նմուշներ, որոնք բոլորը խոսում են Երևանի մասին:

Ցուցահանդեսն առաջին տպավորությամբ պատմում է, որ երևանյան պաստառային արվեստում առանձնահատուկ մի բան կա: Պաստառներ կան, որ քաղաքի մշակութային և սոցիալական ոլորտների մասին են, նմուշներ էլ կան, որ անմիջականորեն կապված են քաղաքի պատմության և մշակութային կյանքի, երևանցիների առօրյայի և ժամանցի հետ:

Տարիներ առաջ նախագծի համադրող Զաքար Դեմիրճյանը Երևանն ավելի լավ ճանաչելու համար առիթ է ունենում լինել Ազգային գրադարանի պահոցներում։ Հենց այնտեղ էլ տեսնում, սիրահարվում ու որոշում է ուսումնասիրել պաստառները, որոնք, զրուցակցիս խոսքով, Երևանի իրական դեմքն են:

Հետո արդեն գաղափարն ու ցանկությունները ճիշտ տեղում ու ժամանակին մշակույթի նախարարության նախաձեռնությամբ դառնում են ցուցադրություն ու ներկայանում երևանցիներին:

«Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Երևանի 2800-ամյակին, իսկ խորագրի պաստառը 50 տարվա պատմություն ունի։ Առաջին ու ամենահին նմուշը 1878 թվականինն է, վերջինը՝ Երևանի 2800-ամյակին նվիրված պաստառը:

Կազմակերպիչների գլխավոր նպատակն է, որ նախախորհրդային շրջանի թատերական և համերգային ազդագրերը, խորհրդային շրջանից՝ սոցիալական և «քաղաքացու կրթության» պաստառները, ֆիլմերի, ցուցահանդեսների ազդագրերը և Երևանին նվիրված պաստառներն ունենան առանձին, մշտական ցուցադրություն: