ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Օսմանբեյում կրկին կհիշեն Դինքին
2019-01-19 18:07:24

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Այսօր լրանում է «Ակոս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը:

2007 թվականի այս օրը ժամը 15.00-ին հենց «Ակոս» խմբագրատան շենքի մոտ սպանվեց Հայոց ցեղասպանության մասին համարձակ ելույթներով հայտնի լրագրող Դինքը: Նա աչքի էր ընկնում հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ երկու ժողովուրդների երկխոսությունը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը. «Թուրքիան իր ժողովրդի արթնութենեն կվախնա»:

0:00
0:00

Այսօր Օսմանբեյ թաղամասում՝ «Ակոսի» նախկին խմբագրատան դիմաց նույն ժամին նախատեսված է «Չենք հրաժարիր, ախբարիկ» խորագրով սգո և հիշատակի արարողություն։ Ավանդաբար դրան 100 հազարավոր մարդիկ են մասնակցում տեղեկացնում է «Ակոսի» հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը:

Ըստ նրա՝ 12 տարվա ընթացքում խոսքի ազատության առումով Թուրքիան ոչ միայն առաջընթաց չի ապահովել, այլև նահանջ է գրանցել: Դատավարության առումով հուսադրող ընթացք նա չի տեսնում: Վիճակը Թուրքիայում մխիթարական չէ, քանի որ 12 տարի անց դեռ չարագործությունը կազմակերպողները բացահայտված չեն՝ ասում է Էստուկյանը:

«Թուրքիայի լրագրողների միության հրապարակած ցուցակում 66 լրագրող կա սպանված, որոնց ճնշող մեծամասնությունը Դինքի նման սպանվածներ են»:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Հրանտ Դինքի ընկերն էր: Նրա կարծիքով՝ Դինքը մյուսներից տարբերվում էր նրանով, որ բացի թուրքական ու հայկական մոտեցումներից ներկայացնում էր հայ-թուրքական հարաբերությունների իր տեսլականը, որը էականորեն տարբերվում էր եղածներից.

«Նա մի սխալ էլ գործեց, մահից առաջ, Սփյուռքին կոչ էր անում ավելի մեղմ վարվել թուրքերի հետ: Նշում էր, որ սփյուռքի հայերը մաքրեն թուրքերի դեմ թույնով լեցուն արյունը»:

Դինքի առաջարկած երրորդ ճանապարհը բնականաբար անընդունելի էր թե հայերի, թե թուրքերի համար՝ Դինքի սխալները մատնացույց անելով՝ պատմում է նրա ընկերը՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: