ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սիլվա Կապուտիկյանն այսօր կդառնար 100 տարեկան
2019-01-20 14:05:19

Այսօր հունվարի 20-ին Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 100 տարեկան։

Ամենայն հայոց բանաստեղծուհի տիտղոսն ամբողջությամբ դեռ չի բնորոշում Սիլվա Կապուտիկյանին։ Նա ուներ իր կարծիքը մեր իրականության մեջ տեղի ունեցող և մեր ժողովրդի ճակատագրին ուղղակիորեն առնչվող ամեն մի դրսևորման վերաբերյալ և այդ կարծիքն արտահայտում էր իսկական մտավորականին վայել համարձակությամբ։ Նրա հետ կարելի էր չհամաձայնել, բայց չընդունել նրա մեծությունն ու ակտիվ ներկայությունը, անհնարին էր։

Սիլվա Կապուտիկյանը նաև սոսկ բանաստեղծ չէր, նա ազգի ոգին պահող մեծ մտավորական էր ու  իր սերնդի վերջին մոհիկանը։ 87 տարեկան բանաստեղծուհին կյանքի վերջին օրերին էլ պահպանում ու փայփայում էր իր ժողովրդին միասնական տեսնելու երազանքը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ։ Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է.

«Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։

Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» ստեղծագործությամբ արդեն ձեռք բերեց համազգային ճանաչում և ընդունելություն։ Այս պատգամ բանաստեղծությունն ինչ-որ տեղ դարձավ հայրենասիրության և հայապահպանության դրոշ ու կարգախոս թե' մայր հայրենիքում, թե' սփյուռքում։

Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը։

Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում։

Շնորհավորում եմ մեծանուն բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներին և ընդհանրապես մեր ընթերցասեր հասարակայնությանը այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ»։