ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թրամփը բյուջետային ճգնաժամից դուրս գալու նոր առաջարկներ է արել
2019-01-21 09:40:06

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն այս շաբաթ քվեարկության կդնի բյուջետային ճգնաժամից դուրս գալու մասին ԱՄՆ վարչակազմի առաջարկը: Այս մասին հայտարարությամբ նախօրեին նա հանդես է եկել Սպիտակ տանը:

Ամերիկյան առաջնորդը Դեմոկրատական կուսակցությանն առաջարկում է փոխզիջում: Այն ենթադրում է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 5.7 մլրդ դոլարի հատկացում՝ ներգաղթյալների մասին օրենք ընդունելու դիմաց, որն անօրինական միգրանտների որոշ խմբերի առաջիկա 3 տարվա ընթացքում իրավական պաշտպանվածություն կտա հնարավոր արտաքսումից:

Դեմոկրատական կուսակցությունն արդեն մերժել է Սպիտակ տան ղեկավարի առաջարկությունը: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քիչ հավանական է համարում ստորին պալատի կողմից նման փոխզիջման հնարավորությունը: «Այդ առաջարկը իր մեջ ներառում է նախկինում մերժված դրույթներ, որոնցից յուրաքանչյուրն անընդունելի է», - հայտարարել է նա:

Թրամփը վերջին մեկ ամսվա ընթացքում դիմակայում է Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատներին, այն բանից հետո, երբ հրաժարվել է գալիք տարվա բյուջեի օրինագիծը ստորագրել առանց սահմանային պատի կառուցման համար անհրաժեշտ 5.7 մլրդ դոլարի: Ֆինանսական այս տարաձայնությունների պատճառով 800 հազար ամերիկացի դեկտեմբերի 22-ից աշխատավարձ չի ստացել: