ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայասատանի վարչապետը Դավոսում որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը
2019-01-21 11:33:34

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Նա ելույթ կունենա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկման ժամանակ:

Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես նախապես հայտնել էին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին:

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Համաժողովի թեման է «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:

Արդեն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ամերիկյան պատվիրակության այցը Դավոս: Վաշինգտոնի ներկայացուցիչները Համաշխարհային տնտեսական համաժողովին չեն մասնակցի «շաթդաունի»՝ ԱՄՆ կառավարության գործունեության մասնակի կասեցման պատճառով:

Այս տարի Դավոս չի մեկնի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Brexit-ի հետ կապված հարցերը մեծ աշխատանք են պահանջում: Նա պետք է Brexit-ի հարցով նոր առաջարկ ներկայացնի, որը կքննարկվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Դավոսյան համաժողովն անցկացվում է 1971 թվականից և համարվում է տնտեսական ու քաղաքական պայմանավորվածությունների կայացման միջազգային կարևոր հարթակներից մեկը:

Տես նաև՝

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին