ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանյան «մեսիջը» Դավոսում
2019-01-21 17:02:09

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մենք վճռականորեն առաջ ենք շարժվում այս ճանապարհով, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին, այն է՝ կայուն, ժողովրդավարական և տնտեսապես զարգացող Հայաստան»,- Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում հրապարակած հոդվածում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է օրենքի գերակայությունը եւ հաշվետու կառավարում իրականացնելու անհրաժեշտությունը եւ ավելացրել, որ «ձախողելու իրավունք չունի»։

Վաղը մեկնարկելիք տնտեսական ֆորումին մասնակցելու համար հայկական պատվիրակությունն արդեն մեկնել է Դավոս:

 

0:00
0:00

 

Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկներ Դավոս՝ մասնակցելու տնտեսական համաժողովին, Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է  տեսել Փաշինյանի հոդվածը:

 

«Կերտելով ժողովրդավարության ապագան Հայաստանում» հոդվածում վարչապետը անդրադարձել է թավշյա հեղափոխությանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք «հաստատել  և ամրապնդել են  հայ  հասարակության ժողովրդավարական ձգտումները», ցույց տվել, «որ նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերն իրապես հանրային աջակցություն են վայելում։

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ վճռական պայքարը, մենաշնորհների վերացումը, տնտեսական և քաղաքական դերակատարների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելը, աղքատության վերացումը և անկախ դատական համակարգի ստեղծումը կառավարության առաջնահերթություններն են։

Թե ինչու վերջին շուրջ տասը տարիներին Հայաստանը չէր մասնակցում տնտեսական այս ֆորումին, 2017-ի նույն այս օրերին հարցրել էինք տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանին. «Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝  հնարավորություն չեղավ այդ համաժողովին մասնակցելու»:

Արդեն նախկին նախարարն այդ ընթացքում պնդում էր՝ ներդրումային բոլոր ծրագրերը ներկայացնում են տարբեր հարթակներում.

«Համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ  հանդիսանար, որպեսզի ներկայացվեր, սակայն, դա միակը չի: Եվ այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր ներդրումային ծրագրերն ու բոլոր մյուս ծրագրերը չեն ներկայացվելու բոլոր հետաքրքիր ու պոտենցիալ ներդրողներին»:

Իննամյա ընդմիջումից հետո Հայաստանն այս ֆորումին մասնակցեց 2018-ին՝ Կարեն Կարապետյանը կարևորեց այս համաժողովը.

«Կարծում եմ, որ շատ հեռանկարային հանդիպումներ ենք ունեցել և դեռ կունենանք: Օրակարգը դեռ սպառված չէ»:

2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։ Տվյալները ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրեց՝ 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։ (2017, I, 68 մլն դոլար, 2017, II՝ 29.1 մլն դոլար, 2017, III՝ 50.9 մլն դոլար 2017, IV՝ 101.8 մլն դոլար 2018, I՝ 94.2 մլն դոլար 2018, II՝ 8.9 մլն դոլար , 2018, III՝ 75.5 մլն դոլար):

 

Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խորհրդական,«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ զրուցում փորձեցի հասկանալ, թե ինչ է տալիս այս համաժողովը Հայաստանի տնտեսությանն ընդհանրապես. «Ծախսերի մասով դժվար կլինի որևէ քանակական գնահատում իրականացնել: Առաջին հայացքից կարելի է ասել, սա հարթակ է, որտեղ դու ճանաչողությանը բարձրացում ես անում, սրա արդյունքում դու կարող ես ակնկալել ներդրումների հետարքրություն տվյալ երկրի նկատմամբ և զբոսաշրջիկներ:

«Ռադիոլուրի» զրուցակցի խոսքով՝ սա այն եզակի հնարավորություններից է, որտեղ խոշոր խաղացողները ուշի ուշով հետևում են: Գործնական հանդիպումներ, պրիզենտացիներ. սրանց արդյունքում են  հետաքրքրությունները ձևավորվում:

Ի՞նչ «մեսիջ» է Հայաստանը տարել իր հետ Դավոս.

«Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն երկրի մրցունակության բարձրացմանը, ինչ էլ ուզում ենք իրականացնել՝ օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքար, արդյունքում ակնկալում ենք, որ պետք է մեծանա կամ բարձրանա մեր երկրի մրցունակությունը:

Այս առումով նոր խաղի կանոնները, որոնք ըստ էության ներկա իշխանությունը փորձում է կյանքի կոչել, սրանք պետք է ներկայացվեն: Նաև փորձել ոլորտային գրավչության համար միջազգային հանրությանը ներկայացվելիք գործիքակազմ»

Ի վերջո՝ Դավոսը տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական համաժողով է՝ հարցնում եմ պատգամավորին.

«Առաջինը՝ տնտեսական, թե քաղաքական, սրանք շատ դժվար տարանջատելի են: Սակայն, այնուհանդերձ, եթե տնտեսական հիմք չկա, այդ հարաբերությունները սովորաբար, կարճաժամկետ են: Երբ ասում ենք՝ մեզ հետաքրքրում են կայուն ու երկարաժամկետ զարգացումը, այստեղ առաջին պլան է  մղվում ավելի տնտեսական բաղադրիչը: Կարծում եմ, որ այս պարագայում մենք գործ ունենք տնտեսականի հետ»:

Շվեյցարիայի Դավոս քաղաքում ամենամյա  տնտեսական ֆորումը կմեկնարկի  հունվարի  22-ին: Հունվարի 23-ին  «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» թեմատիկ  քննարկման ժամանակ նախատեսված է  նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: