Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սպասվող օպտիմալացում կառավարությունում և աղմկարահրույց պարգևավճարներ մարզեպտարաններում. 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին ճեպազրույցների առանցքում եղել են այս երկու թեմաները:
Հազիվ կես տարի պաշտոնավարած մարզպետների կողմից շռայրոեն բաժանված պարգեևավճարների մասին խորհրդարանում երեք տարբեր կարծիք է հնչել:
Հազիվ կես տարի պաշտոնավարած մարզպետների տարեվերջյան շռայլ պարգեևավճարների թեման «Իմ քայլը» խմբակցությունում չեն քննարկել: Խմբակցության ղեկավարն իր անունից է ասում՝ մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն գերազանցել իրենց լիազորությունները:
«Եթե օրենքը թույլ է տալիս և արգելքներ չի սահմանում, ես դրան դեմ արտահայտվել չեմ կարող: Այլ հարց է, եթե գտնում ենք, որ պետք է սահմանափակել պարգևավճարները կամ սահմանել, որ մարզպետը չի կարող ինքն իրեն պարգևատրել: Ուրեմն պետք է նման առաջարկով հանդես գանք»:
Մարզպետարանների ղեկավար կազմերին մարզպետների կարգադրություններով տրված պարգևավճարների մասին գրել էր «Հետք»-ը: Էլեկտրոնային պարվերականի հետաքննությունից ընթերցողները տեղեկացան, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել:
Սյունիքի մարզպետն Հունան Պողոսյանն էլ էր նույնը արել այն տարբերությամբ, որ իրեն 2 անգամ էր պարգևատրել, իսկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փոքր-ինչ շռայլ էր գտնվել դրույքաչափի հարցում՝ պարգևատրումը սահմաել էր 104 տոկոսով:
Պարգևավճարների ինստիտուտը նախատեսված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով որպես խրախուսման միջոց: Նշենք, որ մարզպետի աշխատավարձը շուրջ 660 հազար դրամ է:
«Առաջին խնդիրը ցածր աշխատավարձերևն են, երկրորդը՝ լավագույն աշխատողներն իհարկե խրախուսման կարիք ունեն»:
ԲՀԿ-ում նույնպես հարցն առանձին չեն քննարկել, ավելին ՝ կարծում են, որ քննարկման առիթ կլինի, եթե պարզվի, որ իրավախախտում կա: Քանի դեռ չկա, հարցը բարոյական հարթությունում է ՝ ասում է խմբակցության անդամներից Գևորգ Պետրոսյանը:
« Ընդհանրապես պարգևատրումները գործող աշխատաքնքային օրենսդրությամբ կատարվում են տարեկան գործունեության հիման վրա: Նկատի ունենալով հանգամանքը, որ մարզպետները մեկ տարի չեն աշխատել, հիմքը կասկածելի է, բայց նաև չկա իրավական գնահատական, որ իրավախախտում է կատարվել»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դեռ որպես Երևանի ավագանու անդամ փորձել է նույն պարգևավճարների հարցը պարզել քաղաքապետարանում: Այդ տեղեկատվությունը ստանալ չի հաջողվել, ինչի համար «Լույս» դաշինքը պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ ասում է արդեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և մարզպետներին կոչ անում վերանայել պարգևատրումներ սահմանելու մոտեցումները:
Ուշագրավ է, որ պարգևավճարների թեման քննարկվում է օպտիմալացման ծրագրերի հետ զուգահեռաբար: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն օրերս խոսել է այն մասին, որ մարզպետարանների աշխատակազմերը ուռճացված են և լուրջ օպտիմալացման կարիք ունեն:
Քաղաքական օրակարգում նաև կառավարության օպտիմալացամն խնդիրն է: Նախագիծը դեռ խորհրդարանում չի հասել, և քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն շտապում կոնկրետ գնահատականներ հնչեցնել:
Բայց առանցքային հարցերից մեկի վերաբերյալ, թե ինչ կարգավիճակում պետք է լինեն Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, տարբեր կարծիքներ ունեն: «Իմ քայլում» կարծում են, որ էականը ոչ թե հարցն է, թե ում վերահսկողության ներքո կգործեն, այլ այն, թե որքանով վերահսկելի կլինեն:
«Լուսավոր Հայաստանը», մինչդեռ, պնդում է, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարության կարգավիճակ ունենան: Կարծում են, որ այդ կառույցները քաղաքական պատասխանատվության դաշտ բերելը ոչ թե կքաղաքականացնի, այլ ընդդհակառակը կապաքաղաքականացնի այդ կառույցները:
Որպես հակափաստարկ բերում են զինված ուժերի օրինակը և հիշեցնում ՝ ժամանակին նույն դիրքրոշումն ունեցել են նաև «Իմ քայլի» առաջնորդները: