ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կենդանիների համար տուրքը՝ քննարկման թեմա
2019-01-21 18:42:12

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այս օրերին Երևանի տարբեր վարչական շրջաններից ծանուցումներ ստացած ընտանի կենդանի պահողները բողոքում են՝ ընտանի կենդանիների համար օրենքով սահմանված տուրքը վճարելու համար: Մի քանի կոնկրետ դեպքն առիթ դարձավ, որ այս թեման դառնա քննարկման լայն առարկա:

Քաղաքապետարանը վստահեցնում է՝ ծանուցումներ այլևս չեն ուղարկվելու, ընտանի կենդանի պահողները պնդում են՝ տուրք չեն մուծելու: Իսկ 2011-ից գործող օրենքում խնդիրները դեռ չլուծված են մնում:


0:00
0:00

 

Սեդան ապրում է Աջափնյակ վարչական շրջանում, արդեն 7 տարի է ընտանի կենդանի ունի, բայց երբևէ որևէ ծանուցում չի ստացել, որ կենդանի պահելու համար պետք է տեղական տուրք վճարի։

Քաղաքացիների ստացած ծանուցումները, որոնք թեմայի շուրջ արդեն մի քանի օր է մեծ աղմուկ են բարձրացրել, հիմնավորված են՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի մեկնաբանությունն է:

«Տնային կենդանի պահելու տեղական տուրք սահմանելու պահանջն ամրագրված է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում, որի 12 հոդվածի 13 կետը տուրքի չափ է սահմանում 5000 դրամը։ Օրենքը գործող խմբագրմամբ ընդունվել է 2016 թվականին։


Մինչ օրս տուրքը փաստացի գանձվել է ոչ պարտադրաբար, սակայն, եթե քաղաքացին պատրաստակամություն է հայտնում վճարում կատարել, ապա մենք պարտավորված ենք նրան տալ հաշվեհամար օրենքով իր պարտավորությունները կատարելու համար։


Վերջին օրերին քաղաքացիներին ուղարկել ենք ընդամենը երկու ծանուցում տուրքը գանձելու մասին։


Մի դեպքում ոստիկանության՝ մեզ ուղղված գրութան հիման վրա կազմվել է արձանագրություն, քաղաքացին ընդունել է իր պարտավորությունը և հետագա վճարումներ կատարելու համար պահանջել գրավոր ծանուցագիր, երկրորդ դեպքում էլ՝ 30.10.2018 թվականից առկա է քաղաքացուց պարտավորագիր, որով նա ինքնակամ պարտավորվել է վճարել այդ տուրքը։

Թեև ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում, այս պահին այլեւս ծանուցումներ չեն ուղարկվում և չեն ուղարկվելու, մինչև հարցը մանրամասն կարգավորում չստանա։

Հարգանքով՝
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայան»:

Ծանուցումների մասին խոսակցություններն ու աղմուկը ուռճացված է, հավաստիացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

2011-ից գործող օրենքի մասին խոսակցությունները նոր թափ ստացան մի քանի ուղարկված ծանուցումների պատճառով։ Օրենքը բացեր ունի, քննարկման կետեր ևս, քաղաքապետարանը զբաղվում էր հարցով դեռ այս ակտիվությունից առաջ էլ:

«Տուրքի գոյությունն այն տեսքով, որով ունենք, այո՛ խնդրահարույց է: Քաղաքապետարանն այս պահին մշակում է հայեցակարգ, ընդհարապես, կենդանու և մարդու համակեցության կանոնների մասին»:

2011-ից գործող օրենքի պայմաններում մինչ օրս տուրքը փաստացի գանձվել է ոչ պարտադրաբար, սակայն, եթե քաղաքացին պատրաստակամություն է հայտնել վճարում կատարել, կատարել է:

Սեդան ընտանիքի անդամ դարձած շանը չի գնել, այլ փողոցից է բերել տուն, դարձրել ընտանի: Օրենքին ծանոթ չի եղել, բայց ծանոթանալուց հետո դիրքորոշումը նույնն է. տուրք չի պատրաստվում վճարել, ինչո՞ւ՝ ասում է:

«Ես տուրք վճարելու տրամաբանությունը չեմ հասկանում: Կենդանասիրությունից ելնելով մարդը կենդանի է պահում՝ ինչու պիտի տուրք վճարի»:

Քաղաքապետի մամուլի խոսնակը վստահեցնում է՝ ծանուցումներ այլևս  չեն ուղարկվում ու չեն ուղարկվի, մինչև հարցը մանրամասն ու վերջնական կարգավորում չստանա:

Իսկ ծանուցումներ ստացածները վարչական պատասխանատվության չեն ենթարկվի՝ տուրքը չվճարելու դեպքում: