ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անհրաժեշտ է հանցագործություն ծնող պատճառների վերացման ռազմավարություն
2019-01-22 10:55:12

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Ավազակային հարձակում Երևանում. թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար. ժամանել է տարածքի ոստիկանությունը: Ոմանք պնդում են, որ նման ահազանգերը ավելացել են եւ պատճառների թվում նշում համաներումը։

0:00
0:00

Հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 9-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և հափշտակել խոշոր չափի գումար։ Նախօրեին՝ հունվարի 20-ին թալանել էին Երևանի քաղաքապետարանի աշխատակից՝ ճարտարապետ Սարգիս Եսայանի տունը: Ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։ Նույն օրը գրանցված գողության հերթական դեպքը Երևանի Դավիթաշեն համայնքի առաջին թաղամասի 22 շենքի առաջին հարկում գործող մթերային խանութում էր տեղի ունեցել:

Մեքենայի ավտոդողերի, հայելիների գիշերային գողություններ, բնակարանների թալան, գողության նպատակով ավազակային հարձակումներ տարբեր կառույցների վրա: Մանր գողության դեպքեր հասարակական տրանսպորտում, անգամ՝ փողուցում, ինչպես ասում են՝ օրը ցերեկով, հիշենք հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ տեղի ունեցածը: Շարքը երկար է, և թվում է՝ նման դեպքերը վերջին շրջանում դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Իրականում գողության դեպքերն ավելացե՞լ են, թե՞ ոչ: Վիճակագրության ստույգ պատկերն ունենալու համար դիմեցինք ՀՀ ոստիկանություն: Մեզ պատասխանեցին, որ տվյալները դեռ հավաքագրման փուլում են:

Երկրում հանցավորության մակարդակի աճը շատերը պայմանավորում են Առաջին հանրապետության 100 և Երևանի 2800-ամյակների առիթով 2018-ի նոյեմբերին հայտարարված համաներմամբ: Ի՞նչ անել, որպեսզի և՛ քաղաքացին օգտվի ազատության իր իրավունքից, և՛ հասարակությունը լինի պաշտպանված: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ, խնդրի լուծման կարևորագույն նախապայմաններից մեկը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացումն է:

Ըստ իրավաբանի, կանխարգելման մեխանիզմը ենթադրում է սոցիալ- հոգեբանական ակտիվ աշխատանք պատժի կրման ընթացքում՝ անձին հանցավոր հակումներից հետ պահելու համար: Միաժամանակ՝ անհրաժեշտ են սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլեր: Ուսումնասիրությունները փաստում են, որ վերոնշյալ հանցագործություններում ներգրավված մարդիկ հիմնականում սոցիալապես անապահով խավից են: «Հետևանքների վերացման փոխարեն պետք է մշակել հանցագործություն ծնող պատճառների վերացմանն ուղղված ռազմավարություն»,-ասում է իրավաբանը

Մեր ուղղիչ համակարգը շատ հեռու է բավարար մակարդակից:

Ըստ իրավաբանի, վերջին տասը տարիներին Հայաստանում 3-4 համաներում է իրականացվել: Դրանով ոչ միայն մարդասիրական ակտ է կատարվել, այլև փորձել են լուծել քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման խնդիրը, որն այդքան սրված չէր լինի, եթե երկրում գործեր վաղաժամկետ ազատ արձակման պրակտիկան, կանխարգելիչ քայլեր ձեռնարկվեին: