ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրկնակիից ավելի աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները
2019-01-22 11:18:27

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ կրկնակիից ավելի աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները՝ պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ

Մասնավորապես, եթե 2016 թվականին ստացվել է քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ 38 բողոք, 2017 թվականին՝ 46, ապա 2018 թվականին բողոքների թիվը կրկնակիից ավելի աճել է՝ հասնելով 109-ի։

Եթե 2016 թվականին բողոքների հիմնական մասն վերաբերել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարության աշխատակազմին և Քննչական կոմիտեին, ապա 2017 թվականին՝ Ոստիկանությանը, Դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նախարարությանը և Առողջապահության նախարարությանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետևելը: Աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաև այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ, նախևառաջ կոչված է նպաստելու պետության հաշվետվողականության ամրապնդմանը, քաղաքացի-պետություն կապի ապահովմանը: Այն ներառում է նաև լրագրողների հարցումներին պատասխանելու պրակտիկայի մոնիթորինգը, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է իրացվում տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը և ի վերջո՝ այդ կերպ է նաև երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում:

Նշվում է նաև, որ Պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր և բանավոր բողոքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով: Աշխատանքի այս ուղղությունը լինելու է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո։