ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ է նարգիլեն՝ օտար մշակո՞ւյթ, ժամա՞նց, թե՞ ծխախոտ
2019-01-22 14:45:16

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Նարգիլեի բիզնեսով զբաղվող տնտեսվարողները դժգոհում են առողջապահության նախարարության մշակած նոր նախագծի դեմ, որը հասարակական վայրերում արգելում է ինչպես ծխախոտ, այնպես էլ նարգիլե ծխելը: Դիմել են առողջապահության նախարարություն, սակայն դժգոհ են գերատեսչության պատասխանից: Տարբեր մեկնաբանություններ են հնչել մեկ կառույցից՝ ասում են տնտեսվարողները: Աիդա Ավետիսյանն է ծանոթացել խնդրին:

0:00
0:00

Նարգիլեն ծխախոտ չէ: Ծխելը վատ սովորություն է, իսկ նարգիլեն՝ ժամանց ու մշակույթ՝ ասում են նարգիլեի բիզնեսով զբաղվողներն ու դժգոհում առողջապահության նախարարության առաջարկից, որով ծխախոտն ու նարգիլեն դրվում է նույն հարթության վրա արգելելու դրանց օգտագործումը հասարակական վայրերում։ Նարգիլեի բիզնեսով զբաղվող Գոռ Գասպարյանն ասում է.

«Օրենքի նախագծում ծխախոտ, նարգիլե ու կարելի է ասել այն ամենից, ինչից ծուխ է գալիս, մեկ կետի տակ է դրված: Մեր խնդիրն է, որ տարանջատենք ծխախոտն ու նարգիլեն»:

Նարգիլեն ծխախո՞տ, թե՞ ժամանց: Մեր համաքաղաքացիների կարծիքներն այս հարցում տարբեր էին:

Առողջապահության նախարարության աշխատակցի հետ հանդիպման ընթացքում տնտեսվարողները պարզել են, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացվել է հանրային քննարկում, մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը: Գոռ Գասպարյանը, սակայն, հակառակն է պնդում.

«Ես մեր բոլորի անունից, պաշտոնապես հայտարարում եմ, որ մեզ հետ ոչ մեկ չի հանդիպել, մեր ձայնը չեն լսել»:

Նախարարության աշխատակիցն առաջարկել է իրենց դիտարկումները փոխանցել գրավոր: Տնտեսվարողները համաձայնվել են, սակայն երեկոյան արդեն փոխնախարարի լրատվամիջոցներին տրված հարցազրույցը բարկացրել է այդ բիզնեսով զբաղվողներին:

Առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչու վերջիններս չեն մասնակցել հանրային քննարկումներին և արդյո՞ք հետագայում նրանց կհնարավորություն կտրվի մասնակցել դրանց։ Գերատեսչության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից խոստացան արձագանքել, սակայն մինչ այս պահը պատասխան չկա: Իսկ այս տեսքով օրինագծի հաստատվելու դեպքում կկրճատվեն աշխատատեղերը, կնվազեն բյուջե մուտք գործող հարկերը, կնվազի զբոսաշրջությունը, քանի որ նարգիլեն համարվում է Հայաստանի գրավչություններից՝ ասում է նարգիլեի բիզնեսով զբաղվող Տիգրան Ասրյանը:

«Նարգիլեի սիրահար են հատկապես ռուս զբոսաշրջիկները: Եթե նման ժամանցի վայրերն արգելեն, ռուսների մոտ, զբոսաշրջիկների մոտ ցանկությունը քիչ կառաջանա Հայաստն այցելել: Հայաստանն այդ առումով տուրիստների համար դրախտ է»:

Առողջապահության նախարարությունն իր նախագծում ներկայացնում է հիմնավորումներ, որ բոլոր զարգացած երկրներում ընդունվել են նման նախագծեր և տվել դրական արդյունքներ: Նարգիլեի սիրահարների միության համակարգող Ժորա Փանոսյանը թվարկում է զարգացած երկրների ցանկը, որտեղ նարգիլե ծխելն արգելված չէ: Օրինակ է բերում Գերմանիան, որտեղ 2009 թվականին ընդունվել է նարգիլեն արգելող նախագիծ, սակայն 2011 թվականին այն չեղարկվել է։