ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի վարչապետի հանդիպումները՝ Դավոսում
2019-01-22 16:53:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Այսօր առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հևի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:

Ահմաջյանի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հևի Ինդասթրիս»-ի հետ համագործակցությամբ և Հայաստանում ընկերության հնարավոր գործունեությամբ: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, և այդ նպատակով տնտեսական ոլորտում նախատեսվում են մեծ և իրական փոփոխություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ, և այդ առումով «Միթսուբիշի Հևի Ինդասթրիս»-ի գործունեությունը կարող է լինել հեռանկարային:


Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Քրիստինա Ահմաջյանը կարևորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով և պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը` ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր և համագործակցություն հաստատելու գործում: Ճապոնական ընկերության խորհրդի անդամը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը և Շինիչի Կիտաոկան քննարկել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար:


Շինիչի Կիտաոկան, իր հերթին, ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը` փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով:

Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև eBay ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ: Վարչապետը կարևորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը և նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ-առևտրի, էլեկտրոնային վճարումների և հեռահաղորդակցության ոլորտում eBay-ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի Հայաստանում, և կարևորել է երկրում վերջինի կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը:

Վարչապետը հավելել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, և eBay ընկերությանը հրավիրել է մասնակցելու ֆորումի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանում ՏՏ ոլորտի առաջանցիկ տեմպերով զարգացման փաստը:

Գեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` երկրում eBay-ի գործունեության հեռանկարները և ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով: