ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ
2019-01-22 17:20:09

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Նախկին վարչապետի խորհրդականը նոր պաշտոն ունի: ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այսօր խորհրդի նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյանը:

Ի՞նչ կենսագրություն ու անելիքներ ունի ֆիզիկոսն ու ի՞նչ հարցի շուրջ ուշադրություն հրավիրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունից հետո՝  ռեպորտաժում:

0:00
0:00

Այսօր Երևանի պետական համալսարանում բուհի Հոգաբարձուների խորհրդի նիստն էր, օրակարգի գլխավոր հարցը՝ խորհրդի նախագահի ընտրությունը: Նախորդ տարեվերջին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռակա բանավեճը, Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մայր բուհի վրա էին կենտրոնացրել ուշադրությունը։

Ու այս՝ նախորդող իրադարձությունների ֆոնին, կանխատեսվում էր, թե խորհրդի նախագահի ընտրությունը պիտի լիներ լարված, սակայն տեղի ունեցավ հակառակը:

Առանց ինտրիգների, միաձայն խորհրդի նախագահ ընտրվեց գիտնական, կառավարման փորձ ունեցող Գևորգ Մուրադյանը: «Շնորհավորում ենք, ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագաի պաշտոնում միաձայն ընտրվեց  Գևորգ Մուրադյանը»:

Մուրադյանը ոլորտում նոր մարդ չէ, խորհրդի նորանշանակ նախագահի անունը հայտնի էր դեռ 2016-ին, երբ զբաղեցնում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին առաջադրել էր ԿԳ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կառավարությունից ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Արդեն որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը շեշտեց՝ Մայր բուհը տանելու են բարեփոխումների ճանապարհով:

«Առաջնային նպատակը, որը տեսնում եմ, դիագնոստիկան է։ Պետք է հասկանալ խնդիրների առաջնահերթությունները, պետք է հասկանալ, թե ինչ պոտենցիալ ունի Երևանի պետական համալսարանը, ինչ բարեփոխումների հնարավորության դեպքում մենք կարող ենք բերել ավելի շատ գումարային ներհոսք դեպի Երևանի պետական համալսարան»:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը Հոգաբարձուների խորհրդի նորանշանակ նախագահին շնորհավորելուց հետո ուշադրություն հրավիրեց կոնկրետ մեկ հարցի վրա:

Տեղեկություններ ունեն, որ վերջերս կառավարությունը հաստատել է կամ արդեն իսկ հաստատելու է բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու ֆինանսների նախարարության առաջարկը: Ռեկտորը խնդրեց՝ ամեն ինչ անել առաջարկը կյանքի չկոչելու համար: Հակառակ դեպքում՝ վտանգի տակ է հայտնվում համալսարանը հեռանկարային երիտասարդ մասնագետներով համալրելը՝ ասում է:

«Ուզում եմ ասել, որ նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ, իսկ մեր բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված մոտ 400 աշխատողներից առնվազն կեսը կդառնա գործազուրկ»:

Մայր բուհից առաջ ու հետո Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեցին ու կընտրեն:

Երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ նախագահ ընտրվեց մասնագիտությամբ բժիշկ, երգահան Վահան Արծրունին, նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

Վաղը կկայանա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդի նիստը: Խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավար Սամվել Նիկոյանը: