ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու թանկացավ կարտոֆիլը
2019-01-22 17:54:16

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»


Կարտոֆիլը թանկացել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի ու եվրոպական մյուս երկրներում:

Օպերատիվ, նախնական տվյալները «Ռադիոլուրին» է փոխանցել  գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Թե պետական պաշտոնյան, թե գյուղացիներն ու ոլորտի փորձագետները  փաստել են՝  2018-ին  կարտոֆիլի բերքը նվազել է: Կրճատվել են նաև ցանքատարածությունները։

0:00
0:00

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ռադիոլուրին» փոխանցեց  2018 թվականի  կարտոֆիլի բերքի նախնական արդյունքները:

«Եթե մենք համադրում ենք ընդհանուր արտադրության տվյալները 2017թվականի հետ, ապա 2018-ին 80 հազար տոննա պակաս կարտոֆիլի բերք է ստացվել: Սա հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, մասամբ՝ կարտոֆիլի ցանքատարածությունների կրճատման հետ»:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ 2018-ին կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են  մոտ 3 հազար հեկտարով: Պետրոսյանը հիշեցրեց՝ 2017-ի գարնանը մի շարք մարզերում գյուղացիները կարտոֆիլի իրացման խնդիրներ ունեին: Սա մտահոգություն էր, որ հաջորդ տարի նույնպես կարող էին նման խնդիրներ ունենալ

«Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ 2018-ին  կարող է բնակլիմայական  պայմանների պատճառով  ցածր բերք կստացվի և հետևաբար շուկայում պահանջարկը կարող էր մեծանալ և բարձր գնով իրացվել»: 

Իսկ այն, որ կարտոֆիլի գինը բարձր է, ամեն օր համոզվում է  շարքային սպառողը: Ընդ որում, եթե այն հնարավոր է ձեռք բերել անձամբ գյուղացուց, ապա գինը կարող է տրամաբանության սահմաններում լինել, եթե ոչ՝ դժվար է  ասել։ Այսինքն՝ դժգոհ է և գյուղացին, և սպառողը:

Գյուղատնտեսության նախարարությունում նաև գներին են տեղյակ՝ թե մանրածախ, և թե մեծածախ շուկայի ՝ նախատոնական օրերի հետ համեմատած: 

Պետրոսյանի խոսքով, մանրածախ առևտրի ցանցերում Երևանի տարբեր հատվածներում գները տարբեր են՝

«Գները բարձր են հատկապես սուպերմարկետներում, որտեղ գինը անցնում է 300 դրամից, բայց միջին որակի կարտոֆիլը մանրածախ ցանցում 250-260 դրամ է»:

Այն, որ կարտոֆիլի բերքը 70 տոկոսով կրճատվել է, փաստում է նաև «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը:

Գեղարքունիքի մարզի  այս համայնքում  զբաղվում են կարտոֆիլի մշակմամբ. «Մոտավորապես  30 տոկոս է կարտոշկա եղել հիմնականում կարկուտի պատճառով, երեք-չորս անգամ կարկուտ խփեց»:

2018-ի երկրորդ եռամսյակի ընթացիկ գներով  մեկ  անձը նվազագույն սպառողական զամբյուղում տարեկան կտրվածքով կարտոֆիլի համար  ծախսել է մոտ  22  հազար դրամ:

Նախորդ տարվա  ամբողջական  տվյալները դեռ չկան, հունվարի մասին խոսելը նույնպես վաղ է, ուստի վիճակագրությունից անցնենք փորձագիտական դաշտ: «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստում է՝ խնդիրը խորքային արմատներ ունի.

«Նայեք կարտոֆիլ չկա, բոլորը սկսում են կարտոֆիլ մշակել: Հաջորդ տարի դրսից կարտոֆիլ են բերում՝ ավելի էժան գնով, քան իրենք այստեղ արտադրում են»:

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով, 2018-ին Հայաստանից արտահանվել է 3700 տոննա կարտոֆիլ։ Այդուհանդերձ, զրուցակիցս կարծում է, որ եղած պաշարները կբավարարեն ՝մինչ նոր կարտոֆիլի բերքահավաք: 

Գյուղատնտեսության նախարարի տեղակալի տեղեկացմամբ, կարտոֆիլի գները բարձրացել են նաև տարածաշրջանում ու Եվրոպայում: Թանկացել է  կարտոֆիլի տնկանյութը: