ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բարձրավանի մեծ հոգսը
2018-11-07 16:32:44

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
                                         

Ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա գտնվող Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ճանապարհի 8 կմ անցնում է անտառի միջով, որն անանցանելի են դառնում տեղումների ժամանակ: Այն խճապատվել է 4 տարի առաջ: Գյուղում չկա գյուղտեխնիկա, որը ձեռք բերելու նպատակով վաճառվել է համայնքի անասնագոներից մեկն ու խոշորացումից հետո 4.5 մլն դրամը փոխանցվել Գորիս համայնքի բյուջե: Համայնքում միայն գիշերային լուսավորություն է անցկացվել:

Բարձրավան համայնքի վարչական  ղեկավար Օնիկ Ավագյանը նշեց, որ հողերը չեն մշակվում նաև տեխնիկայի բացակայության պատճառով: Համայնքի կենտրոնում կանգնած կոմբայնն ու տրակտորը անսարք են, հնձի ժամանակ մի կերպ են սարքավորումները կարգի բերում ու արտը  հնձում:


Գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով 4 տարի առաջ համայնքին պատկանող գոմերից մեկըավագանու որոշմամբ վաճառվել է  համագյուղացիներից մեկին, բայց չեն կարողացել տեխնիկա գնել «Անասնահամարիլ էր, վաճառել ենք 4.5 մլն դրամով, հետո էդ գումարը, պահել, պահել ենք 2 տարի, չի ստացվել գյուղտեխնիկա առնենք, հետո էլ համայնքները խոշորացել են՝ փոխանցվել Գորիս համայնքի բյուջե»:

 Օնիկ Ավագյանը 1997թ-ից մինչև անցած տարի  ղեկավարել է Բարձրավան համայնքը, Համայնքների խոշորացումից հետո  վարչական ղեկավար է նշանակվել: Ասում է, որ այս տարիների ընթացքում համայնքի բյուջեն ՝ 6.5 մլն դրամը, բավարարել է միայն 8 աշխատակցի աշխատավարձին:  Համայնքների խոշորացումից հետո Բարձրավունում  լուսավորության խնդիրն է լուծվել, փողոցների մի մասում մի քանի սյուներ են տեղադրվել ու գիշերային լուսավորությունն ապահովել:

Գյուղում 30 տնտեսություն կա շուրջ 130 բնակչով, բայց 50 տնտեսության դուռ փակ է:

Բարձրավանը ծերացող գյուղ է, տեղացիները ցավով են խոսում այդ մասին, այս տարի  փակվել է ևս մեկ տան դուռ:


«Երիտասարդները հեռանում են, գյուղում աղջիկ չկա, որ ամուսնանան, հենց դա էլ լուծարեց մեր գյուղը: Կար ընտանիք, որ իր 5 տղային առավ ու գնաց, բա ինչ աներ, չէին ամուսնանում: Մեր փողոցում բոլորն ապրում են, բացի մի տնից,մյուս փողոցում մարդ չկա՝ յոթ-ութ տան դուռ փակ է: Գնում են Ղափան, Գորիս»:

«Երեխաները ժամանակին դուրս են գնացել, ծնողներն են մնացել, ծնողների մահից հետո էլ դռները փակվում են, լույսն՝ անջատվում»: 

 Գյուղից հեռանում են լավ ապրելու մտադրությամբ: Համայնքում չկա աշխատատեղ, Խոշորացումից հետո համայնքապետարանի 6 աշխատատեղը կրճատվեց, այդ թվում նաև գրադարանավարի հաստիքը: Զոհվածի այրի Զոյա Մելքոնյանն ասում է, որ գրադարանն ունի հարուտ գրականություն:

«Գյուղի գրադարանավարն եմ եղել, 2 տարի է հաստիքը կրճատվել է, տանն եմ նստել, բայց մենք ունենք 2400 կտոր գրականություն, պատմական ինչ գրքեր, որ Գորիսի համալսարանի ուսանողները բոլորը մեր գրադարանից էին օգտվում: Հիմա էդ գրքերը խոնավության մեջ փչանում են, բա ափսոս չի: Խոշորացումից հետո 3 զոհվածի ընտանիք ենք,երեքս էլ կրճատվեցինք»: 

 Համայնքը չունի մանկապարտեզ, մշակույթի տուն,  իսկ դպրոցում  սովորում է  ընդամենը 5 աշակերտ, այսինքն ուսուցիչների թիվն ավելին է աշակերտներից:  Գյուղում չկա նաև խանութ, համագյուղացիներից մեկը սեփական մեքենայով  Գորիսից  մի քանի տնտեսական  ապրանքներ ու սննդամթերք է  բերում ու վաճառում:

Ծովի մակերևույթից 1520մ բարձրության վրա գտնվող գյուղը Գորիս  համայնքային կենտրոնից հեռու է 35 կմ:  Անտառի միջով բարձրացող 8 կմ ճանապարհը տեղումների ժամանակ անանցանելի է դառնում:


«Չորս տարի առաջ Քաջարանի կոմբինատն է օգնել, անռատի միջից մինչև մեր գյուղ ճանապարհը խճապատել»:

Բարձրադիր վայրում, անտառի կողքին ապրող  բարձրավանցիներն ամեն օր ականատես են լինում բնության գեղեցիկ տեսարանին, առավոտյան ողջունում ու երեկոյան հրաժեշտ են տալիս տանիքների վրայով լողացող ու անտառապատ սարերը շոյող մառախլապատ ամպերին ու մնում իրենց հոգսերի հետ միայնակ:

0:00
0:00