ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մրցույթո՞վ, թե՞ անհատից է գնվել քաղաքապետարանի տեխնիկան
2019-01-22 18:28:58

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Քաղաքապետարանը ձեռք է բերել 9 նոր տեխնիկա՝ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու համար: Վերջին 25 տարում Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է ունենալու աղբահանության և սանմաքրման իր սեփական կայանը:

 

Տեխնիկան քաղաքապետարանը ձեռք է բերել մրցույթով, սակայն ավագանու ընդդիմադիր խմբակցությունն  այս հարցում ունի վերապահումներ:  «Լույս» խմբակցության դժգոհություններն ու քաղաքապետարանի մեկնաբանություններն է մեկտեղել «Ռադիոլուրը»:


0:00
0:00

 

Երաշխավորված սանմաքրում ունենալու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել իր սեփական տեխնիկան: Ձեռք բերված 9 նոր տեխնիկայի միջոցով կկազմակերպվեն ձնամաքրման պատշաճ աշխատանքներ: Նոր տեխնիկան նախատեսված է  նաև աղ ու ավազ  ցանելու համար, իսկ տաք եղանակներին դրանք կծառայեն որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:

 

Վերջին 25 տարում Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է ունենալու աղբահանության և սանմաքրման իր սեփական կայանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Նոյեմբերին ստացան տեղեկություն, որ այս տարի կանխատեսվում է ձնառատ տարի: Եվ քանի որ «Սանիթեք» ընկերությունը չուներ համապատասխան ռեսուրս ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու համար»:

 

Տեխնիկան քաղաքապետարանը ձեռք է բերել մրցույթով: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Կամազ» ընկերությունը:  Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պնդում է՝ մրցույթ չի անցկացվել, տեխնիկան ձեռք է բերվել մեկ անձից գնման ընթացակարգով:

 

«Մենք հստակ հայտարարում ենք, որ 414 միլիոն դրամ արժողությամբ  գնումն առանց մրցույթի իրականացնելն անթույլատրելի է: Եվ դա մշտապես քննադատվել է նախկին իշխանությունների պարագայում: Եվ քաղաքապետարանը պետք է զերծ մնար այդպիսի գնում կատարելուց: Բացի դա՝ մեկ անձից գնման պարագայում ընթացակարգը կրկին խախտված է և  առանց գնումների մասին օրենքը պահպանելու ըստ էության կատարվել է այդ ծախսը»:

ՀՀ օրենքի համաձայն՝ գնման մի քանի կարգեր են գործում՝ դասական և մեկ անձից գնելու: Սրանց տարբերությունը  միայն ժամկետների մեջ է, ասում է քաղաքապետի մամուլի քարտուղարը:  Մեկ անձից գնում կարելի է կատարել 5 օրվա ընթացքում, իսկ դասականի դեպքում ձգվում է մինչև 40 օր: Ինչպես դասական մրցույթին, այնպես էլ մեկ անձից գնման գործընթացին կարող են մասնակցել բազմաթիվ ընկերություններ:

 

« Ինչպես մեկ անձից գնումը, այնպես էլ  դասական մրցույթը կամ էլեկտրոնային  աճուրդը կամ այլ գործընթացներ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և Երևանի քաղաքապետարանը այդ ամենն իրականացրել է օրենսդրության շրջանակներում»:

 

Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանը նույն կերպ հրատապ էր համարել տոնածառի գնման գործընթացը և առանց մրցույթ հայտարարելու ձեռք էր բերել այն: «Ռադիոլուրի» այս դիտարկմանը, որ քաղաքային իշխանությունն ավանդույթ է դարձրել գնման գործընթացն առանց մրցույթ հայտարարելու իրականացնել, Հակոբ Կարապետյանն այսպես մեկնաբանեց:

 

« Այստեղ հարցը պետք է նայել ոչ թե ձևի, այլ բովանդակության տեսանկյունից: Պետք է քննել յուրաքանչյուր հարցի արդյունավետությունն ու հրատապությունը»:

 

Քաղաքապետարանը գնում է նրան, որ դառնա քաղաքի մաքրությունն ապահովվող երկրորդ օպերատորը, «Սանիթեք» ընկերությունից բացի:  Այս մեքենաների ձեռքբերումն այդ քայլերից մեկն է, ասում է զրուցակիցս: Քաղաքապետարանն արդեն սկսել է մի քանի տասնյակ աղբահանող մեքենաների ձեռք բերել, իսկ «Սանիթեք» ընկերությունից այս պահին հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ, թե որոնք են  տեխնիկայի իրենց  պարկը չհամալրելու պատճառները: