ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևան-Աստանա չվերթի դադարեցումը լրացուցիչ հոգսեր է ստեղծել սարուխանցիների համար
2019-01-23 11:21:29

Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցրել է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները՝ հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: «Ռադիոլուր»-ը հետաքրքրվել է չվերթերի դադարեցման պատճառներով: Երևան-Աստանա-Երևան չվերթից օգտվող մեր հայրենակիցներն արդեն դժգոհում են ստեղծված անհարմարություններից:

0:00
0:00

Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines–ը, ուղիղ մեկ շաբաթ է դադարեցրել է Աստանա-Երևան չվերթը։ Կանոնավոր չվերթներն սկսվել էին 2017 թվականի մայիսի 31-ից: Ուղիղ չվերթների այս հնարավորությունը ժամանակին ամենից շատ ուրախացրել էր Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի բնակիչներին: Ցավոք՝ տհաճ իրադարձություններով վերջերս հայտնի դարձած Ղազախստանի Կարագանդա քաղաքում սարուխանցիները մեծ համայնք են ձևավորել:

Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանի տեղեկություններով, համայնքից շուրջ 60 ընտանիք է բնակություն հաստատել Կարագանդայում: 1200 մարդ էլ Սարուխանից ամեն տարի Ղազախստան է մեկնում արտագնա աշխատանքի: Ուղիղ չվերթների վերացումը առաջին հերթին նրանց գրպանին է հարված հասցրել:

Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթների դադարեցման հայտարարությունը տարածել էր Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Հենց այստեղից էլ փորձեցինք հետաքրքրվել պատճառների մասին: Ղազախստանում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար, հյուպատոս Գոռ Եդիգարյանը մանրամասնեց, որ չվերթի կասեցումը պայմանվորված է հիշյալ ուղղության թերբեռնվածությամբ և «Զվարթնոց» օդանավակայանի վազքուղու վերանորոգման աշխատանքներով:

Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթների դադարեցման վերաբերյալ «Ռադիոլուրը» փորձեց ստանալ նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումները: Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Փայասլյանը չվերթների դադարեցումը նախ պայմանավորեց Երևան-Աստանա ուղղության թերբեռնվածությամբ:

Ռադիոլուրի հարցին՝ որքանո՞վ է ստույգ տեղեկությունը, որ մայիսի 15-ից Աստանա-Երևան–Աստանա չվերթները կվերականգնվեն, քաղավիացիայ ներկայացուցիչը պատասխանեց.

«Դրա մասին կարող ենք խոսել ավելի հստակ միայն չվերթների վերականգնման վերաբերյալ ընկերության հայտը ստանալուց հետո»:

Սարուխանցիները լիահույս են, որ Երևան–Աստանա–Երևան չվերթների վերականգնումը էականորեն կթեթևացնի հոգսերը Սարուխան-Կարագանդա ուղղությամբ: