ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանկապատանեկան ամսագրերի ճակատագիրը
2018-11-07 17:16:39

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն օրերս ֆեյսբուքյան  գրառմամբ անդրադարձել էր մանկապատանեկան ամսագրերին և  դպրոցների ու մանկապարտեզների սաների ծնողներից  հետաքրքրվել, թե որնքանով են տեղյակ դրանցից:

Նախարարը նաև հավելել էր՝  պարբերականներին պետբյուջեից հատկացվում է 44 մլն դրամ, սակայն արդյունավետության հարցում կան վերապահումներ: Ինչպե՞ս է ապրում մանկապատանեկան մամուլը և ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց:

Թերթի կրպակներում մանկապատանեկան ամսագրեր գրեթե չենք կարող գտնել: Դրանց  տարածման հիմնական միջոցը  բաժանորդագրումներն են և վաճառքը դպրոցներում: Սակայն դրանցից ոչ բոլորն են, որ հնարավորություն ունեն մտնել կրթօջախներ:

95-ամյա պատմություն ունեցող «Աղբյուր» մանկապատանեկան պարբերականը նախկինում վաճառվել է դպրոցներում: Սակայն հետագայում թերթի վաճառքը դիտարկվել է դրամահավաքության գործիք և կանխվել: 2 ամիսը մեկ անգամ հրատարակվող ամսագրի 80-90 տոկոսն այժմ  նվիրաբերում են սահմանամերձ գյուղերի դպրոցներին և ոչ միայն, «Ռադիոլուրի» հետ զրույցում տեղեկացրեց թերթի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը:

«Մենք շահ չունենք, շան գլուխը հենց այստեղ է թաղված: Եթե մենք մտածում ենք, որ մանկապատանեկան մամուլը բիզնեսի ասպարեզ է և դչա միջոցով պետք է փող աշխատենք, ուղղակի սխալ ենք կատարում: Մենք պետք է օժանդակ գրականության դեր կատարենք»:

Դպրոցներում վաճառքը կանխելուց հետո մանկապատանեկան մամուլն ունի իրացման խնդիր:

«Այս հարցը լուծելու համար ես նախարարին առաջարկեցի, քանի որ պետությունը 100 տոկոսով օգնում է մանկապատանեկան  պարբերականների հրատարակմանը: Ես առաջարկեցի բոլոր դպրոցների գրադարաններին անվճար տրամադրել»:    

2001 թվականից տպագրվող մարզային մանկապատանեկան ամսագիրը՝ «Փերին», Սյունիքի մարզում, ամբողջությամբ սպառվում է բաժանորդագրումների և վաճառքի միջոցով: Ըստ գլխավոր խմբագիր Էլմիրա Բալասանյանի՝ իրացման խնդիր չունեն:

 «Հեռավոր Տաթևից Սվարանցից մինչև Գորիսի հեռավոր գյուղ»:

«Աղբյուր», «Խատուտիկ», «Ծիծեռնակ», «Խաբարբզիկ», «Կանչ»,  «Լուսապսակ», «Փերի». այս  մանկապատանեկան  ամսագրերը սուբսիդավորվում են պետության կողմից: Պետական բյուջեից դրանց հրատարակության համար տրամադրվում է 44 մլն դրամ գումար: Վերջերս կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է թերթերի գլխավոր խմբագրերի հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական աջակցություն ստացող  թերթերի արդյունավետության հարցում կան վերապահումներ: Պետական կառույցի նախնական դիտարկումները ցույց են տվել, որ  կան   հասանելիության, բովանդակության և մատուցման ձևի  հետ կապված խնդիրներ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝  դպրոցներում հարցումների միջոցով փորձում են պարզել, թե որքանով են այդ թերթերը նպաստում կրթական գործընթացին:

« Գումարը չի կրճատվել:  Այսինքն հաջորդ տարվա բյուջեում գումարը լինելու է, իրականացման ձևը կարող է փոխվել այս ուսումնասիրություններից հետո»:

Հարցումների արդյուքնում կվերանայեն նաև իրացման եղանակաները՝ ասում է Արայիկ Հարությունունյանն ու հավելում՝ դրանք տպվում են, բայց թե որքանով են հասանելի դպրոցներին, դեռ պարզ չէ:  

Բյուջեն չի կրճատվում, սակայն հնարավոր է, օպտիմալացում, որին դեմ են խմբագիրները: Մանկապատանեկան ամսագրերն ուղղված են տարիքային տարբեր խմբերին և մեկ պարբերականով հնարավոր չէ ապահովել բոլորի հետաքրքրությունները ՝ ասում են պարբերականների խմբագիրները:

0:00
0:00