Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Քաղաքական ուժերն ուղիղ մեկ շաբաթ ժամանակ ունեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը որոշակիացնելու, ընտարցուցակներում վերջնական ճշգրտումներն անելու, տարածքային թեկնածուներին որոշելու համար: Նոյեմբերի 14-ն առաջադրումների վերջնաժամկետն է, խորհրդարանի արտահերթ ընտրությունների քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ին:
Այսօր կառավարության ներկայացուցիչները խորհրդարանում մասնակցել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին, բայց ավելի շատ ընտրությունների մասնակցության վերաբերյալ հարցեր են լսել:
Մի քանի օրից գործադիրի ղեկավարների զգալի մասը արձակուրդ է գնալու՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար:
Մշակույթի, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, բնապահպանության նախարարների պաշտոնակատարները, որոշ մարզպետներն արդեն հայտարարել են իրենց առաջադրումների մասին:
Շատերը նույնիսկ տեղյակ են, թե ռեյտինգային ընտրակարգով, որ ընտրատարածքներում են մտնելու ընտրապայքարի մեջ: Սա դեռ չի նշանակում, որ բոլորը ցանկանում են գործադիրից տեղափոխվել օրենսիր մարմին:
Ընդհակառակը՝ շատերին հոգեհարազատ է այսօր զբաղեցրած ոլորտը: Օրինակ՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ապագայում իրեն կրկին տեսնում է գործադիրում: Չի թաքցնում առաջադրվելու իրական պատճառները:
«Առաջադրաման որոշումը ՔՊ կուսակցության շատ ձայներ բերելն է եղել: Իսկ ընտրություններից հետո կորոշվի ով է պաշտոնավարելու գործադիրում, ով՝ ԱԺ-ում»:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նման առաջարկ չի ստացել: Մի քիչ նյարդային է, բայց չի հուսահատվում՝ ապագա կառավարությունում կրկին տեղ զբաղեցնելու հույսերը կապում է իր լավ աշխատանքի հետ:
Անկուսակցական լինելը, իրականում, այս գործում կարեւոր նախապայման չէ: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նույնպես ՔՊ անդամ չէ, բայց իր առաջադրմամբ աջակցելու է հեղափոխական կուսակցությանը՝ Շիրակի մարզից փորձելու է լրացուցիչ ձայներ ապահովել:
Թերեւս դժվարին պայքար է սպասում Կոտայքի մարզպետին: Ռոմանոս Պետրոսյանը առաջադրվելու է թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում: Սա այն տարածքն է, որտեղ ավանդաբար շատ ձայներ է ստացել ԲՀԿ ղեկավարը: Մարզպետը այսօրվանից համոզված է, որ ՔՊ-ի համար լավ արդյունք է ապահովելու, բայց ոչ վարչական ռեսուրսներով:
Հանրապետական կուսակցությունը թեեւ դեռ պաշտոնապես ոչինչ չի հաստատել կամ հերքել, բայց տրամադրություններից ենթադրվում է՝ մտնելու է ընտրապայքարի մեջ:
Կուսակցության այդ որոշումը ողջունում է ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանը, բայց արդեն որոշել է՝ ինքն անձամբ այդ ճանապարհը չի շարունակի: Բաբլոյանը հեռանում է քաղաքականությունից եւ վերադառնում է իր համար հոգեհարազատ՝ առողջապահության ոլորտ:
Բաբլոյանը համոզված է՝ նոր կադրերի շնորհիվ այդ ուժին կհաջողվի վերափոխվել եւ շտկել նախկին սխալները: Հանրապետականների նոր կադրերի մեջ, ի դեպ, չի լինելու նաեւ Բաբլոյանի որդին:
Աժ-ի նախագահը հաստատեց՝ նա նույնպես չի առաջադրվելու առաջիկա ընտրություններում: Հանրապետականներն առհասարակ տրամադրվել են լուրջ տեղեր զբաղեցնել ապագա խորհրդարանում: Անգամ հավակնում են լինել խորհրդարանի միակ իրական ընդդիմությունը՝ մնացածին համարում են ձեւական, գրպանային:
Այստեղից արդեն պարզ է եւ հասկանալի, որ ապագա խորհրդարանում ընդդիմադիրի տեղերի համար լուրջ պայքար է ծավալվելու եւ այն արդեն սկսվել է:
«Քաղաքացիական պայմանագրի» զսպաշապիկը դառնալու հավակնություններ ունեցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունան ղեկավար Էդմոն Մարուքյանի հաշվարկներով՝ իրենք լինելու են խորհրդարանի երկրորդ ուժը, իսկ Հանրապետականն ընդհանրապես հաջորդ գումարման Աժ-ում ներկայացված չի լինելու:
Հանրապետականներն իրենց վերջնական եւ պաշտոնական որոշումը կհրապարակեն, թերեւս, նոյեմբերի 11-ին կայանալիք կուսակցական հավաքից հետո: Համենայնդեպս, մինչ այդ հանրության համար որեւէ նոր անուն ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու համար դեռ չի շրջանառվում: