ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որն էր Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատման պատճառը
2019-01-23 17:26:23

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ արդեն նախկին  ղեկավար Արթուր Գրիգորյանը  կառավարության պաշտոնական՝ www.e-gov.am կայքից է տեղեկացել, որ ազատվել է աշխատանքից:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Գրիգորյանը կարծիք  է հայտնել, որ հավանաբար պաշտոնից ազատվել է , քանի   որ կառավարության հետ  անհամատեղելի հակասություններ է ունեցել  որոշակի սկզբունքային հարցերի շուրջ։           

0:00
0:00
 

 

2018-ի հունիսի 22-ին բնապահպանության և տեսչական մարմնի ղեկավար նշանակված  Արթուր Գրիգորյանն իր աշխատանքից ազատվելու մասին հունվարի 21-ին է իմացել.

«Երբ տեղադրվեց կառավարության կայքէջում, զավեշտալի է հնչում, բայց այո, այնտեղից եմ իմացել»:

Զրուցակիցս փաստում է՝ մեկ շաբաթ առաջ պարզ էր՝ իր աշխատելու հետ կապված խնդիրներ կան. 

«Փոխվարչապետի՝ Տիգրան Ավինյանի մակարդակով, բայց ոչ անձամբ իր կողմից, այո, առաջարկվել է, որ գուցե ավելի նպատակահարմար է, որ ես չաշխատեմ տեսչական մարմնում որպես ղեկավար: Ինձ համար դա հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ իմ վերադասը վարչապետն է, ոչ թե նախարարությունը: Ամենայն հարգանքով իհարկե  նախարարության և փոխվարչապետի նկատմամբ»:

Եվ քանի որ  տեսչական մարմնի ղեկավարի վերադասը վարչապետն է,  ուստի Արթուր Գրիգորյանն էլ ակնկալում էր, որ հենց կառավարության ղեկավարը ներկայացներ ազատման պատճառներն ու հստակ ձևակերպված ներկայացնի խնդիրը.

«Ի վերջո սա փաստաթղթաշրջանառության բաժնի առաջատար մասնագետ չի, սա տեսչական մարմնի ղեկավար է, որը հանդիսանում է  բարձրաստիճան պաշտոնյա»:

«Ես չհասցրեցի վարչապետի հետ քննարկել այդ հարցերը»,- ասում է զրուցակիցս.

«Եղավ որոշումը, դրանով էր դա անակնկալ: Ընդհանուր համատեքստում ես  գիտակցում էի, որ  կոշտ բնապահպանական դիրքորոշումը խնդրահարույց է կառավարության համար՝ իր տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը իրականացնելիս»:


Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի արդեն նախկին ղեկավարն ասում է՝ ունեին  կոշտ բնապահպանական դիրքորոշումներ  տարբեր հարցերի  վերաբերյալ. Սևանա լճի, սիգի պաշարների, անտառների պահպանության, տնտեսվարողների հետ կապված հարցերում։ Ըստ նրա՝ գուցե այդ դիրքորոշումներն էին անհամատեղելի գործող կառավարության որդեգրած   քաղաքական գծի հետ.

«Կառավարությունն ինքն է պատասխանատու տնտեսական քաղաքականության համար և եթե մի մարմին բավականին կոշտ դիրքորոշում է բռնում այս կամ այն հարցի վերաբերյալ՝ բնապահպանական  տեսանկյունից, և դա միգուցե խանգարում է այլ սոցիալ- տնտեսական որդեգրած տնտեսական քաղաքականությանը, այդ պայմաններում տեսչական մարմնի ղեկավարին առաջարկել կամ ազատել աշխատանքից կարող է ընկալելի համարվել»:


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էր, որ ստուգումներ իրականացրեց Ալավերդու  պղնձաձուլարանում: Հենց այս ընթացքում էլ պարզ դարձավ, որ շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ: ACP ընկերությունը  պետք է վճարեր գումարը:  

Արթուր Գրիգորյանի ղեկավարած տեսչական մարմինը պնդում էր, որ   Ամուլսարի  Արտավազդես և Տիգրանես գագաթները «Կարմիր գրքի» կենդանատեսակի  բնակատեղի են: Ավելին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանության նախարարությանն առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը:   

Բնապհպանության նախարար Էրիկ Գրիգորյանը  պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտարարեց՝ մեկ օր փնտրել ու ոչ Ապոլոն թիթեռ են գտել, ոչ էլ ոզնաթուփ մեխակ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  արդեն նախկին ղեկավարն ասում է, որ հանքարդյունաբերական ընկերություններից երկու հիմնական խոշոր ընկերությունում հասցրեցին ուսումնասիրություն իրականացնել՝ Ամուլսարում և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, նաև՝ Ազատեկի հանքավայրերում.

«Քաջարանի ստուգումները բավականին երկար տևեցին՝ մոտ 4 ամիս, ավարտվեցին հունվարի 21-ին և հիմա տասը օրվա ընթացքում պետք է»:

Արթուր Գրիգորյանը «Էկոլոգիական իրավունք» ՀԿ չի վերադառնա,   բնապահպանության ոլորտում կաշխատի: Արթուր Գրիգորյանը  իրավիճակի իր բնորոշումն ունի.

«Գուցե այս փուլում կառավարությունը դեռևս պատրաստ չէ  էական լուրջ բնապահպանական հարցերը իր քաղաքականության անկյունաքար դարձնել, գուցե դա օրինաչափ է, գուցե՝ ոչ»:

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատելու հարցը ակտիվորեն քննարկվում է նաև  համացանցում:  Հատկապես բնապահպաններն են դժգոհ այս որոշումից: Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատվելուն  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը.

«Հաշվի առնելով, որ կա տպավորություն, թե իբր տվյալ որոշումը անակնկալ էր պարոն Գրիգորյանի համար, հարկ եմ համարում նշել, որ նրան նախապես տեղեկացվել է վարչապետի որոշման մասին։ Հավելեմ նաև, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Այն հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար»:

Էդուարդ Աղաջանյանը նաև հստակեցրել  է՝ տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: