ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քարսիթի անհրաժեշտությունն առաջացրել է կարծիքների բախում
2019-01-23 17:34:04

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը։ Կարգավորման շրջանակում է գտնվում մինչեւ 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի, սարքերի (քարսիթ) օգտագործման կարգը:

Սոցցանցերում նախագծի շուրջ ակտիվ քննարկում է ծավալվել: Տեսակետների բախման կիզակտում հայտնված թեմայի անդրադարձը՝ «Ռադիոլուրի» եթերում:

0:00
0:00

Ճանապարհային երթեկության անվտանգությանն առնչվող  e-draft.am կայքում տեղադրված նախագիծն առաջարկել է ՀՀ ոստիկանությունը: Սոցցանցերում երեկվանից ակտիվ քննարկման թիրախում է հայտնվել մասնավորապես հետևյալ հոդվածը.

«Մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված է անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»:

Ավտոմեքենաներում մանկական պահող համակարգերի, այսպես կոչված քարսիթների պարտադիր կիրառման վերաբերյալ ոստիկանությանն առաջարկությունը միանշանակ չի ընդունվել հանրության շրջանում: Ոմանց կարծիքով՝ դա երեխայի անվտանգությունն ապահովող անհրաժեշտ միջոց է, որը պետք էր վաղուց կիրառել, ոմանք էլ քարսիթը պարզապես անիմաստ բեռ են համարում առանց այդ էլ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդ ընտանիքի համար:  Ներկայացնենք ֆեյսբուքյան օգտատերերի տեսակետներից մի քանիսը:

  • Ով համարում ա, որ քարսիթերը թանկ են ու ֆինանսական բեռ, ասեմ. էրեխեքը առանց դա էլ են թանկ նստում ընտանեկան բյուջեի վրա։ Մի բան արեք։
  • Ինձ հետաքրքիր է, որ գրել եք «մեքենա ունեցողը դա էլ կգնի», դուք՝ գրողներդ, ունե՞ք մեքենա, եթե ունեք, ապա մինչև սույն օրենքի ընդունումը, մտածե՞լ եք քարսիթ գնելու մասին:
  • Տենց լավ չի, ասեք եթե երեխա ունես, ուրեմն փող էլ ունես: Հազիվ մեկին ենք պահում ու հասցնում: Քարսիթների բիզնեսն են մեծացնում՝ կրակմարիչմերի նման:
  • Լավ բան է, բայց եթե գները խելամիտ լինեն:
  • Եվ եթե մարդ մեքենա ունի, դեռ չի նշանակում փողի մեջ լողում է:
  • Առաջարկում եմ յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հենց ծննդատանը մի քարսիթ նվիրել ճանապարհային ոստիկանության կողմիցշատ հաճելի և օգտակար կլինի
  • Հավատս չի գալիս, որ կան մարդիկ ովքեր քարսիթերը համարում են ճոխություն ու պահանջում են, որ պետությունը տրամադրի: Կարծում եմ, եթե մարդիկ քիչ ճոխ ծնունդներ , կնունքներ, ատամհատիկներ ու այլ ձևական, ցուցադրական բաներ քիչ անեն, կարող են 50.000 դրամով գնել իրենց երեխաների ապահովությունը:
  • Մահվան գազելների ֆոնին քարսիթները պարտադիր դարձնելը ոչ թե երեխաների անվտանգության մասին մտածել է հիշեցնում այլ նոր բիզնես ծաղկեցնել։

Հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ մեկնաբանություն նաև  ավտովարողի իրավունքի տեսանկյունից: «Ավտովարողների պաշտպանության լիգա» կազմակերպության իրավաբան Ամալյա Կարապետյանի պատասախանն այսպիսին էր.

«Այդ հարցին առանձնապես ուշադրություն չենք դարձրել, բայց կարծում եմ, որ քարսիթով երեխային տեղափոխելն ավելի հարմար ու անվտանգ է»:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, նաև երեխաների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ավտոմեքենայում երեխաներին պահող սարքի կիրառմանը սկզբունքորեն դեմ չէ, բայց, ինչպես նշում է, այստեղ բախվում ենք սոցիալական խնդրի:

Ըստ Ավետիք Իշխանյանի, եթե քաղաքակիրթ աշխարհում քարսիթն ընդունված է, նշանակում է հիմնավորված է: