ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյան-Ալիեւ հանդիպման քաղաքագիտական գնահատականը
2019-01-23 17:52:38

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»


0:00
0:00


Փորձագիտական շրջանակներում հանդիպման հետ կապված քննարկումները, կարելի է ասել, շատ ավելի բազմագույն են, սկսած հարցից, թե  ինչո՞ւ տեղի ունեցավ հանդիպումը, որի մասին տեղյակ չէինք, ավարտված՝ հրապարակված տեղեկատվության ժլատության մասին ենթադրություններով ու հանդիպումից հրապարակված լուսանկարում Փաշինյանի եւ Ալիեւի նստած դիրքերից, մինչեւ նրանց հայացքները:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն, օրինակ, ՖԲ իր էջում, անդրադառնալով հանդիպմանը, մասնավորապես գրել է, մեջբերում. 

«Անհասկանալի է թե ինչո՞ւ է տեղի ունեցել Ալիևի հետ հանդիպումը:

Ո՞րն է դրանում Հայաստանի շահը: Ինչու՞ տեղեկատվություն չի հայտնվել նախօրոք, կամ քննարկվածի ամբողջ բովանդակությունից չի հայտնվում հիմա:

Եվ մի մանրուք, որ ամեն դեպքում շատ էական է. ովքե՞ր են պատասխանատու Հայաստանի ղեկավարին հուշելու համար, որ թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ամեն շարժում, դիրք, խոսք և կեցվածք կարևորագույն նշանակություն և նաև իրական, առարկայական հետևանքներ ունի»:

Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ որեւէ հանդիպում պատահական չի լինում: Քաղաքագետը շեշտեց, որ չի հավատում դավադրական տեսություններին, որ կան այս հանդիպման հետ կապված:

Նրա կարծիքով՝ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են առնվազն այն հարցերը, որոնց շուրջ եղել է համաձայնություն արտգործնախարարների՝ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եթե չլիներ արտգործնախարարների հանդիպումը, չէր լինի նաեւ ղեկավարներինը, - կարծում է Ստեփան Սաֆարյանը:

Նա կիսում է այն կարծիքները, որ տեղեկություններն ավելին պետք է լինեին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն որոշակիորեն լրացրեց տեղեկատվական բացը՝ ՖԲ ուղիղ եթերում որոշակի հարցերի պատասխաններ տալով:

Օրինակ՝ հստակեցվեց, որ ոչ պաշտոնական նման հանդիպումներ կարող են լինել ամեն անգամ, երբ դրա հնարավորությունը լինի: Կա նման պայմանավորվածություն:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն, անդրադառնալով հանդիպումից հրապարակված նկարի վերաբերյալ ծավալված քննարկումներին,  այսօր ասաց, թե ժեստերը, մարմնի լեզուն անշուշտ կարեւոր է, բայց, նկարները տասնյակ հազարավոր բացատրություններ կարող են ունենալ: Ինքը իրեն երբեք թույլ չի տվել նկարների վրա հիմնված վերլուծություններ անել:  

Ստեփան Սաֆարյանն ասաց, թե որեւէ մտահոգություն չունի: Նախ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արած հայտարարությունները, ապա՝ նկատեց, որ նման հանդիպումներին հաջորդում է նաեւ հանդիպում Արցախի ղեկավարության հետ, ինչը նույնպես ինչ-որ բան է նշանակում:

«Նկատի ունենալով էս ամեն ինչը, եթե մենք Արցախի Հանրապետության կողմից որեւէ մտահոգություն չենք լսում, ուրեմն ես համարում եմ, որ մտահոգվելու առանձնապես պատճառ չկա, առավել եւս՝ նկարներով առաջնորդվելու: Ես առաջին հերթին առաջնորդվում եմ հենց նման հայտարարությունների բացակայությամբ՝ որպես մեզ մտահոգող զարգացումների բացակայություն»:

Արցախից արձագանքների մասին. մտահոգություններ առայժմ չկան: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, օրինակ, խոսելով վերջին շրջանի զարգացումների եւ ակնկալիքների մասին, մասնավորապես, շեշտում է.

«Մենք տեսնում ենք, որ կա, իրոք, միջնորդների անկեղծ շահագրգռությունը, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանվի»:

Ուրիշ այլ բան ակնկալել ներկայիս դրությամբ պարզապես վաղաժամ է՝ եզրափակում է Դավիթ Բաբայանը: