ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատարկվող Հալեպը՝ ականատեսների աչքերով
2019-01-23 18:03:54

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հալեպում շարունակվում է իրավիճակը մնալ ծանր ու անկայուն: Բնակչությունն ապրում է կոմունիկացիոն պայմաններից զուրկ: Հալեպում տիրող իրավիճակին Հալեպից տեղեկացել է Ռադիոլուրը:  

0:00
0:00

Վերջին 6 ամիսներին Հալեպի հայաբնակ թաղամասերում  վիճակը խաղաղ է, սակայն առկա են սոցիալական խնդիրներ՝ տնտեսական անկայուն վիճակ, կոմունիկացիաների բացակայություն: «Ռադիոլուրին» իրավիճակը ներկայացնում է Հալեպից թատերագիր Մանվել Քեշիշյանը:    

« Այս տարվա ձմեռը ցուրտ է:  Տաքանալու միջոցներ չկան: Վերջին 3-4 օրերին օրական 10 ժամ ենք ունենում: Նյութագազով ենք տաքանում, չկա նյութագազ: Դոլարն արժեզրկվել է, ամեն ինչի սղություն եղավ»:

Մանվել Քեշիշյանի համար թեև դժվար է տեսնել դատարկվող Հալեպը, սակայն նման իրավիճակում միակ փրկությունը գաղթն է համարում: Ամեն շաբաթ ընտանիքներ են դուրս գալիս Հալեպից, և ներգաղթող ընտանիք չկա: Դրա մասին են փաստում նաև դպրոցում ուսանող  աշակերտների թվերը: Հալեպում սովորել է մոտ 1600 աշակերտ։ Հիմա 400 աշակերտ է մնացել:   

« Ւրականության մեջ կըսենք թե դպրոց գոցելը ոճիր է: Բայց Հալեպի մեջ դպրոցներ կան, որ 89 աշակերտ ունի: Հալեպի մեջ դպրոցներ կան, որ որպես դպրոց պահպանվելու համար օտար երեխաների են ընդունում: Ասիկա մեր հայկականությանս դիմագիծը կփոխվե»:

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը  «Ռադիոլուրին»  փոխանցեց՝ կյանքը Հալեպում դժվարություններով շարունակվում է: Ջրի խնդիր Սիրիայում չկա, սակայն դրան հակառակ էլեկտրականությունն է խնդիր։ Սա հայազգի պատգամավորը համարում է բնական: Պատգամավորը Հալեպից մասսայաբար հեռացողների չի հանդիպել:  

«Մասամբ այդպիսի  երևույթ որպես այդպիսին չկա, բայց կրնան մեկնողներ էլ, վերադարձողներ ալ լինել»:

Իր բոլոր դժվարություններով, անբնականության մեջ իրավիճակը բնական համարեց սիրիահայ պատգամավորը: Հայաստանում գործող << Հալեպ>> հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը  վերջին 6 ամիսների ընթացքում անդամակցել է Սիրիայից Հայաստան տեղափոխված 25 ընտանիք: Կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Բալըխյան.         

«Բոլորը Հալեպից չեն: Նաև կան ընտանիքներ, որոնք տեղափոխվել են Դամասկոսից: Տնտեսական ու սոցիալական խնդիրները, որոնք առկա են Սիրիայում, այսինքն՝ անկախ նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը քիչ թե շատ խաղաղությունը տիրել է  Սիրիայում, կան տնտեսական խնդիրներ, որոնք հիմք հանդիսացած են, որ այդ ընտանիքները վերադարձած են Հայաստան»:

Առայժմ հայությունը մնում Հալեպում, սակայն ապագան անորոշ է, իր մտահոգությունն է հայտնի հալեպցի մտավորականը։