Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Հայաստանում դեղերի կտրուկ էժանացման լուրջ հնարավորություններ կան, սակայն առողջապահության նախարարությունը դեռ պետք է կարգավորի դեղերի ձեռքբերումն ու ներկրումը ոչ անմիջական արտադրողից կամ դրա ներկայացուցչից: ՏՄՊՊՀ-ի գնահատականն ու դիտարկումն է: Առողջապահության նախարարությունն էլ իր մոտեցումն ունի այս առումով:
«Մենք դեղերի էժանացմանը դեմ չենք»,- հայտարարում է առողջապահության նախարարը, սակայն հարցն այլ՝ ստվերոտ կողմ էլ ունի, ու դա անտեսել չի կարելի՝ ասում է:
Հայաստանյան շուկայում դեղերը կարող են 30-200 տոկոսով ավելի մատչելի լինել գործող գներից, եթե «Դեղերի մասին» օրենքով սահմանված զուգահեռ ներկրումների դրույթը կիրարկվի, ու առողջապահության նախարարությունը վերապահումով չմոտենա այս խնդրին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գնահատականն է հարցին, թե որքանո՞վ են տրամաբանական դեղերի գները Հայաստանում: Սակայն այս հարցում մասնագիտական տարակարծությունները պետական երկու կառույցների միջեւ ձգվում են արդեն տարիներ:
ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանն ասում է՝ առողջապահության նախարարությունը մերժում է հայտերը, որ դեղերը ներկրվեն ոչ անմիջական արտադրողից կամ դրա ներկայացուցչից:
«Հանգել ենք այն եզրակացության, որ այդ մերժումներն իսկապես խնդրահարույց են: Դրանք հանգեցնում են նրան, որ մերժվում է շատ ավելի մատչելի դեղերի ներմուծումը Հայաստան: Եթե թվերի լեզվով խոսենք՝ գնային տարբերությունը 30-ից մինչեւ գրեթե 200 տոկոս է կազմում: Խոսքը լայն սպառման դեղամիջոցների մասին է»:
Սա հարուցում է նաեւ դեղ ներմուծողների դժգոհությունը՝ ասում է Միքայելյանը: Արդեն 2 տարի է՝ ընդունվել է «Դեղերի մասին» օրենքը, որը նախատեսում է զուգահեռ ներկրումներ: Բայց դրանք ապահովելու համար դեռ ենթաօրենսդրական ակտերը պետք է կարգավորվեն: Ստացվում է, որ նոր օրենքի պարագայում տնտեսվարողը ստիպված է առաջնորդվել հին օրենքի կետերով ու բախվել հակասությունների: ՏՄՊՊՀ-ում միանշանակ չեն վերաբերում նախարարության մոտեցմանը, երբ մերժվում են դեղերի ներկրումները միայն տեխնիկական պատճառներով, ասենք՝ փաթեթավորման տարբերությունների:
«Մեր խնդիրն է, որպեսզի իրականացվեն այնպիսի փոփոխություններ, որ մենք մերժումներ չունենանք այն տարբերությունների դեպքերում, երբ խնդիրներն առնչվում են ոչ թե դեղերի անվտանգությանը, այլ փաթեթավորումներին կամ այլ գործոնների: Այդ դեպքերում թույլատրվի դեղերի ներմուծումը»:
Առողջապահության նախարարն իր հերթին լուրջ վերապահումներ ունի ՏՄՊՊՀ-ի մոտեցման հարցում: Խնդրին արձագանքելով՝ Արսեն Թորոսյանը շեշտում է՝ այո, զուգահեռ ներմուծումների նախկին կարգում կան թերություններ: Միաժամանակ Թորոսյանը տեղեկացնում է՝ նոր կարգի վերաբերյալ իրենց առաջարկների փաթեթն արդեն հասել է կառավարություն ու քննարկումների սեղանին է: Բայց այստեղ այլ «բայց»-եր էլ կան՝ «Ռադիոլուրին» ի պատասխան նկատում է նախարար Թորոսյանը: «ՏՄՊՊՀ-ի բարձրացրած հարցն այլ կողմ էլ ունի»,-ասում է:
«Զուգահեռ ներմուծումների նոր կարգը կամ այլ կարգավորումներ երբեք չեն բացառում, որ շուկայում գործող տնտեսվարողների միջեւ կարող են լինել ստվերային պայմանավորվածություններ: Եւ հենց այդ հանձնաժողովը պետք է դրանք պարզի ու միջոցներ ձեռնարկի: Սակայն ես, անկեղծ ասած, վերջին շրջանում նման միջոցառումներ չեմ հիշում նրանց կողմից»:
Այդուհանդերձ, ՏՄՊՊՀ-ի մասնագետները դեղերի գների իրենց հաշվարկներն ունեն: Մանուկ Միքայելյանը փորձում է ասվածին թվային պատկեր տալ:
«Օրինակ՝ «ՄԻԳ 400» պրեպարատի զուգահեռ ներմուծման ճանապարհով ձեռքբերման գինը շուրջ 580 դրամ է, իսկ ոչ զուգահեռ ձեռքբերման ճանապարհով՝ շուրջ 1100 դրամ: Այսինքն՝ գրեթե 2 անգամ տարբերություն կա: «Բիսեպտոլի» պարագայում 1000 դրամ կազմել է զուգահեռ ներմուծման գինը, իսկ անմիջական արտադրողից ձեռքբերման պարագայում այդ գինը կազմել է շուրջ 1900 դրամ»:
Առողջապահության նախարարն էլ իր դիտարկումներն ունի, դրանց թվային արտացոլումը՝ եւս: Թորոսյանը նախ հայտարարում է՝ դեղերի գների հարցով մտահոգ է առաջին հերթին ոլորտի քաղաքականություն մշակողը՝ առողջապահության նախարարությունը: Բայց մրցակցային ու հակամրցակցային հնարավոր ռիսկերի համար պատասխանատվության հարց է առաջ գալիս, որն իրենք կարգավորել չեն կարող, անտեսել՝ եւս:
«Նախարարությունը դեմ չէ, որ դեղերն էժանանան, բայց եթե ասենք երկու խոշոր ներմուծողի միջեւ կա ստվերային պայմանավորվածություն,որ, ենթադրենք, «Ասպիրինի» գինը, 100 դրամի փոխարեն դնեն 900 դրամ, հենց ՏՄՊՊՀ-ն պետք է գնա ու պարզի այդ պայմանավորվածությունները եւ պատասխանատվության ենթարկի այդ երկու ներմուծողներին, ոչ թե մենք»:
Նախարարին մտահոգող հնարավոր դեպքերից մեկով արդեն ՏՄՊՊՀ-ին է դիմել «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերությունը՝ դժգոհելով դեղերի գնագոյացման անառողջ դրսեւորումներից: Իսկ մինչ հանձնաժողովն ուսումնասիրում է, թե դեղերի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Նատալի Ֆարմը» որքանով է ոտնահարում այս տնտեսվարողի շահերը, «Վագա Ֆարմ»-ի հիմնադիր Վահե Վարսանյանն իր հերթին է ակնկալում, որ դեղորայքային քաղաքականությունը փոխվի ու չմնա, իր ձեւակերպմամբ, Հովիկ Աբրահամյանի ժամանակների պես:
«Մրցակցությունը սահմանափակվում է, ոչ արտադրողներից չենք կարողանում ներկրել: Դրա համար հենց արտադրողները այստեղ արհեստական բարձր գներ են պահում՝ ի տարբերություն Վրաստանի կամ այլ տեղերի»:
Իսկ մինչ պետական երկու գերատեսչության միջեւ հեռակա բանավեճը շարունակվում է, գործադիրում արդեն քննարկում են հարցի լույս ու մութ կողմերը՝ նաեւ նկատի ունենալով՝ ժամանակին շուկայում խաղի ոչ առողջ պայմաններ են թելադրվել: