ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչով են զբաղվելու համաներմամբ ազատվածները
2018-11-07 18:12:41

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»


Արդեն 350 դատապարտյալ համաներմամբ ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկներից: Ինչով են զբաղվելու, ինչպես է ընթանալու նրանց վերաինտեգրումը: Խնդիրները շատ են,  լուծման հնարավորությունները քիչ՝ արձանագրում են ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քրեակատարողական հիմնակից դուրս եկած նախկին դատապարտյալը պետք է հին սխալները կրկնելու ցանկություն չունենա ու փորձի ապրել որպես  հասարակության լիարժեք անդամ. սա թերևս համաներմամբ կալանավայրից  դուրս եկած մարդու կյանքի հետագա ընթացքի ճիշտ մոդելն է, իսկ որքանով է պետությունը  կամ ՀԿ-ները օգնում  այս տեսլականի իրականացմանը:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանի կարծիքով՝ պետք է փորձել նվազագույնի հասցնել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մոտեցումն առհասարակ, սակայն եթե մարդը հայտնվել է ՔԿՀ-ում, ապա նրա հետ աշխատանք պետք է տարվի, այսպես ասենք,  բանտում հայտնվելու առաջին իսկ օրվանից:  Բանտային համակարգի ողջ փիլիսոփայությունը պետք է միտված լինի դատապարտյալին ազատ արձակելու նախապատրաստությանը՝ ասում է մասնագետը:

ՔՀԿ-ից դուրս եկող անձինք հիմնականում բախվում են կացարան ունենալու, որևէ տեղ ապրելու խնդրին, և սա առաջնային հարց է, որ լուծման կարիք ունի՝ ասում է Արշակ Գասպարյանը, իսկ դրա համար, ըստ նրա, պետք է հատկացվեն տուն-ինտերնատներ՝ ժամանակավոր բնակության համար:

Նախկինում տուն-ինտերնատներ կային Մալաթիա-Սեբաստիա համայնքում, հիմա նման կացարան կա Վարդաշենում: Այն միակն է, որը 2 ամսով կացարան է տրամադրում ազատազրկման վայրերից վերադարձած ու անօթևան մնացած մարդկանց:

«Ի վերջո հո չենք տանելու մեր տուն պահենք»:

Նա առաջարկում է պետությանը մտածել 3-4 ժամանակավոր կացարան  ունենալու  խնդրի մասին, ասում է՝  անազատության մեջ հայտնված անձը հաճախ է  խաբեության զոհ  դառնում. դուրս գալով բանտից հայտնաբերում, որ այն տանը, ուր ապրել է արդեն վաճառված է, իսկ ընտանիքը երկրում չէ:

Նման խնդրի ավելի շատ բախվում են կանայք՝ ասում է  իրավապաշտպան, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը

«Մենք տեսնում ենք  մի խայտառակ վիճակ, որ կինը դուրս է գալիս ու հայտնվում վատ վիճակում: Աղքատությունն ունի կանացի տեսք: Խիստ անբավարար է»:

Մի փոքր ավելի հեռվից պետք է սկսել աշխատանքը, որպեսզի հանցագործությունների թիվը նվազի: Միջոցներ պետք է փնտրել և ելք գտնել ու փոխել քաղաքականությունը՝ ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Միջոցներ պետք է հայթայթել, ներդնել դպրոցներում,  մանկապարտեզներում, ուսուցողական ծրագրերի մեջ,  որ նվազագույնի հասցվեն հանցագործությունները:

«Սա այն հարցն է, որ միջոցներ ներդնելու համար արժե վարկ վերցնել: որ կյանք մտնողները չիմանան ինչ է ՔԿՀ-ն»:

Վերաինտեգրման հարցում, Արշակ Գասպարյանի կարծիքով, պետք է սկսել բացատրական աշխատանքներից, ոչ  թե  դաջվածքն ու ժարգոնն ի ցույց դնել՝ լավ տղա երևալու համար, այլ ձգտել  լավ աշխատող երևալ:

Որպես կանոն, ազատ արձակվածին բնակության վայրի տարածքային զբաղվածության կենտրոն են  ուղարկում, որտեղ  աշխատանք է առաջարկվում, սակայն  զբաղվածության կենտրոններն անելիք ունեն նաև գործատուի հետ:

Պետք է գործի «Չկա լավ ու վատ աշխատող, կան  ճիշտ ու սխալ տեղաբաշխված կադրեր» սկզբունքը ՝ ասում են ՀԿ-ների ներկայացուցիչները: Փաստաբանի տեսլականն էլ  այն է, որ ապագայում ՔՀԿ-ները հուշարձաններ դառնան, որ սերունդները տեսնեն, թե ինչպես են պահվել հանցանքներ գործած մարդիկ:

0:00
0:00