ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գերմանիայում հայկական մաֆիայի բացահայտման հետքերով
2018-11-07 18:32:09

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գերմանիայում գործող հայկական հանցավոր խմբերի կամ, ըստ որոշ հրապարակումների, հայկական մաֆիայի թեման նոր զարգացումներ է ստանում՝ արդեն նաև իրավական հարթության մեջ:

Բեռլինի դատարանը հրատապ դատական լսումով արգելել է «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk-ին՝ դեռ չապացուցված տեղեկություններ տարածել դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին: Հայաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ  դեսպանին հետ կանչելու հարց չի քննարկվում, բայց գերմանական մարմիններին հարցում է ուղարկվել՝ մամուլի պնդումների արժանահավատությունը ճշտելու համար:

«Ռադիոլուրը» սպասում է դեսպանի փաստաբանի պարզաբանմանը, իսկ մեր մյուս զրուցակիցը պնդում է՝ մութ պատմության հետևում կոնկրետ ուժեր են գործում:

Մինչև 250 հազար եվրո տուգանք կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք, եթե գերմանական լրատվամիջոցները շարունակեն մեղադրել այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին՝ Գերմանիայում գործող ենթադրյալ հայկական մաֆիայի հետ կապեր ունենալու համար. Բեռլինի երկրամասի դատարանի որոշումն է:

Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է մեկ օրում՝ առանց բանավոր ընթացակարգի: Դիվանագիտական սկանդալով սպառնացող պատմության հիմքում Spiegel-ի և Mitteldeutscher Rundfunk-ի հրապարակումներն են, որոնցում պնդում կա՝ Գերմանիայում հայկական մաֆիա գոյություն ունի:

Գերմանական հեղինակավոր լրատվամիջոցները պնդում են՝ քրեական գործերի դաշնային ծառայությունը և վեց երկրամասի քրեական գործերի ծառայությունները տարիներ շարունակ գաղտնի հետաքննություն են վարում ընդդեմ հայկական մաֆիայի:

Հատուկ այս գործողությունը՝ FATIL անվանմամբ, Գերմանիայում հանցավորության դեմ պայքարի ամենալուրջ գործերից է՝ հայտարարում են ու մանրամասնում՝ այս գործով արդեն ողջ երկրի տարածքում 14 գործ է հարուցվել, 42 անձի դեմ ֆինանսական հետաքննություն է անցկացվել, այդ թվում՝ միլիոնների հասնող փողերի լվացման մեղադրանքով: Հետաքննությանը, ըստ աղբյուրի, միացել են նաև Եվրոպոլն ու Դաշնային հետախուզությունը:

Արդեն հին, բայց նոր աղմուկ հանած թեմայի հետեւում կոնկրետ ուժեր են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտարարում է Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանը: Դժվար է ասել՝ թուրք-ադրբեջանական, ռուսական, գերմանական, թե հայկական ուժեր են, բայց միտումն ակնհայտ է՝ ասում է:

«Անպայման միտում եմ տեսնում, կարծում եմ՝ դրա հետեւում չափազանց շահագրգիռ մարդիկ կան, որոնք շարունակ փորձում են թեման օրակարգում պահել: Ունեմ ենթադրություններ, բայց կդժվարանամ կոնկրետ անուններ տալ: Իրավունք չունեմ այս պահին սիրողական գնահատական տալ»:

Զրուցակիցս պատահական չի համարում նաեւ, որ սկսել են շրջանառել, Օրդուխանյանի բնորոշմամբ, Գերմանիայում հայ ազգի խորհրդանիշ Արթուր Աբրահամի, Կարո Մուրատի ու քաղաքական թիվ մեկ ներկայացուցչի՝ դեսպանի անունները: Եթե թեմայի հիմքում լուրջ փաստեր լինեին, դաշնային իրավապահ մարմինները չէին հապաղի կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ասում է: Թեման այլ կողմ էլ ունի՝ քաղաքական, որքան էլ ներկայիս դեսպանը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ակտիվ ջատագովն է:

«Նախկին իշխանությունները չափազանց վարկաբեկված էին ու լուրջ չէին ընդունվում  եվրոպական շատ մայրաքաղաքներում էլ: Աշոտ Սմբատյանն էլ է համարվում իրենց ներկայացուցիչը, ու քանի որ անձի փոփոխություն չի եղել, կարծում եմ՝ ինրեցիայով շարունակում են նախկին մոտեցումը պահպանել: Դա, իհարկե, ճիշտ մոտեցում չէ, բայց այդպես է»:

Շպիգելը փոխանցել էր, թե Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ: Օրդուխանյանի դիտարկմամբ՝ Գերմանիայում ապրող օտար ազգերի մեծ մասն ունեն հանցավոր խմբեր ու պետք է զգուշանալ դրանց մաֆիա անվանել: Հարցն այնքան բարդ չէ, որքան, թերեւս, ներկայացվում է՝ ասում է:

«Գուցե որոշ անձինք որոշ սխալներ արել են, դրանց համար պետք է պատիժ կրեն: Բայց չի կարելի նրանց համեմատել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են տեռորիստական խմբերը, նարկոբիզնեսով, կանանց վաճառքով զբաղվող խմբերը, որոնք տեսնում ենք այստեղ: Իսկ Արթուր Աբրահամին կամ դեսպանին կապել ինչ-որ մաֆիական կառույցների հետ՝ աբսուրդ է: Այս մասին առհասարակ չարժե խոսել»:

Հանցագործ խմբավորման հետ իրենց առնչությունն արդեն հերքել և մեղադրանքն անհեթեթություն են որակել թե հայազգի հայտնի բռնցքամարտիկները, թե անձամբ Հայաստանի դեսպանը:

ԱԳՆ-ից էլ հայտարարել են՝ դեսպանին հետ կանչելու որևէ թեմա այս պահին չի քննարկվում, բայց միաժամանակ գերմանական մարմիններին հարցում է ուղարկվել՝ մամուլի պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: «Ռադիոլուրն» ակնկալում է նաեւ Գերմանիայում Հայաստանի դեսպանի գերմանացի փաստաբանի մեկնաբանությունն ու պարզաբանումը աղմկոտ հարցի ուշագրավ դրվագների շուրջ:

0:00
0:00