ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր մետրո, ճոպանուղի, «խելքի եկած» Երևան. Արթուր Մեսչյան
2019-01-24 16:58:09

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Նոր մետրո, ճոպանուղի, փողոցների կահավորում, ավելի գեղեցիկ ու «խելքի եկած» Երևան է այսօր խոստացել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով աշխատանքային հարյուր օրը։

Սրան զուգահեռ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները բողոքում են, բողոքին քաղաքապետարանը պատասխանում է՝ բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, բայց փոխարենը շահելու է քաղաքը:

0:00
0:00

Մինչ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում ամփոփում էր իր աշխատանքային հարյուր օրը, խոստանում, որ իր պաշտոնավարման երկուսուկես տարվա ընթացքում հաստատ կանի այն, ինչ մտադիր է, կառավարության շենքի մոտ հավաքվել էին մանրածախ, փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները՝ պահանջելով չզրկել իրենց ապրուստի միջոցից:

Կառավարության շենքի մոտ, բայց  քաղաքապետարանին հեռակա ուղղված բողոքը մեկն է՝ առևտրով զբաղվելու համար ստեղծել համապատասխան պայմաններ ու վայր:

Բողոքի հիմքը՝ քաղաքապետարանի խիստ վերահսկողություն սահմանելն է փողոցային առևտրի նկատմամաբ. հունվարի 1-ից  փողոցում առևտրով զբաղվողներին քաղաքապետարանն առաջարկել էր տեղափոխվել շուկա։

Առևտրով զբաղվողները հակադարձում են՝ շուկայում առևտուր անել գրեթե անհնար է:

«Մեզ ասում են՝ տեղափոխվեք շուկա, բայց մենք չենք ուզում, քանի որ այնտեղ առևտուր չի լինում։ Մարդիկ գիտեմ, որ տարիներ շարունակ շուկայում են զբաղվել առևտրով, բայց արդյունքից չգոհանալով՝ թողել-հեռացել են։ Հիմա կարող ենք գնալ շուկա, ապրանքը դնենք ու մինչև երեկո 1000 դրամի առևտուր չանենք, հաջորդ օրը տանենք, թափենք աղբը ու գնանք տուն՝ առանց հաց ուտելու նստենք։ Մենք մեր հացի փողն այսպես ենք վաստակում՝ փողոցում առևտուր անելով, խնդրում ենք, որ թողնեն մեր առևտրով զբաղվենք»:

Դեռ այս տարվա առաջին օրերին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը  վստահեցրել էր՝ առևտրով զբաղվող մեր քաղաքացիների համար հավասար պայմաններ են լինելու, և իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, բայց փոխարենը շահելու է քաղաքը:

Քաղաքապետարանը խնդրում է բոլորի աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու համար, առևտրականները խնդրում են՝ թողնել հանգիստ աշխատել:

Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ բոլոր կրպակների վարձակալությունը կերկարաձգվի, բայց սեփականության իրավունքով չեն տրվի։  Հարցին գլխավոր ճարտարապետի կտրուկ պատասխանն ունի հստակ ինչու:

«Կրպակների մեծ մասը մայթերի և կանաչ տարածքների մեջ են: Հետագայում, Երևանն ինչ-որ չափով խելքի բերելու համար դրանց նկատմամբ պետք է ուշադիր լինենք»:

Քաղաքապետարանը սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ:

Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը:

Քաղաքապետարանը դիմում է նաև քաղաքացիներին՝ օրենքներից բացի, բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս. գնե՞լ, թե՞ չգնել փողոցում, հենց գետնին, վաճառվող ու առողջության համար վտանգավոր մթերք: