ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Պարույր Սեւակի ծննդյան օրն է
2019-01-24 15:10:23

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պարույր Սևակի ծննդավայր Զանգակատան գյուղում այսօր մեկնարկել է նրա 95-ամյակին նվիրված  միջոցառումների շարքը: Բանաստեղծի  տուն-թանգարանում  տեղի է ունեցել հանդիպում-զրույց մերօրյա գրողների, գրականագետների, մշակութային գործիչների հետ: Տեղի է ունեցել նաև  այցելություն Պարույր Սևակի  շիրմին:

«Հոբելյանական ամբողջ տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ ենք նախատեսել, այդ թվում՝ երեք գրքի հրատարակություն. երկուսը պայմանական վերնագրերով՝ սիրերգություն և հայրեներգություն: Երրորդ գիրքը Սևակի  հայտնի «Մարդը ափի մեջ» ժողովածուի վերահրատարակությունն է»,- Ռադիոլուրի հետ զրույցում ասել է Պարույր Սևակի թոռը, բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը:

Նրա հետ զրույցը, այդուհանդերձ, անդրադարձ է ոչ այնքան  գրողի, որքան մեզ համար թերևս ավելի անծանոթ  Պարույր Սևակ մարդու  մասին:

0:00
0:00

95-ամյակի առիթով Սևակի ստեղծագործական ժառանգության, գրական, հասարակական  կերպարի վերաբերյալ անդրադարձերն այսօր թողնում ենք մասնագետներին, գրականության մարդկանց: Ռադիլուրի եթերում  այսօր փորձելու ենք բացահայտել  մեզ՝ թերևս փոքր ինչ անծանոթ Պարույր Սևակին նրա թոռան՝ Սևակ Ղազարյանի օգնությամբ: Նախ՝ Սևակի ծննդյան օրվա մասին. Չնայած ծնվել էր հունվարի 24-ին, բայց կենդանության օրոք գրողն իր ծնունդը նշում էր հունվարի 26-ին:

Պատճառը՝ հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի մահվան օրն էր:

Ինչպիսին էր Պարույր Սևակը որպես հայր. Սևակ Ղազարյան ասում է, որ իր հայրը՝ Արմեն Ղազարյանն ընդամենը 13 տարեկան էր, երբ հայրը ավտովթարի զոհ դարձավ, բայց հուշերն, այդուհանդերձ, քիչ  չեն: 

Եթե աշխատում էր Երևանում, ապա գիշերը՝ ժամը երեքից, չորսից հետո մինչ առավոտյան յոթը: Զանգակատուն գյուղի՝ նրա սիրելի ծննդավայրի հետ կապված էլ  հիշողություններ կան: Սևակը որոշում է գյուղում տուն կառուցել, որն այսօր կանգուն է և որի հարևանությամբ նաև տուն-թանգարանն է:

Տունը կառուցում է շուրջ 11 տարի, քանի որ խորհրդային տարիներին շինանյութ գտնելն այնքան էլ հեշտ գործ չէր: Այն, ինչ մեզ պատմում է գրողի թոռը, գյուղի հարևաններն են նրան պատմել.

«Նա բանվորների հետ հավասար աշխատում էր տան վրա: Երբեմն քաղաքից պատվավոր հյուրեր էին գալիս, ու երբ հարցնում էին՝ ուր է Սևակը, չէին հավատում, որ փոշու, շինանյութի մեջ կորած մարդը հենց նա է: Սևակն իր ձեռքով նաև հրաշալի այգի է տնկել, այն  կարծես նրա  ստեղծագործություններից մեկը լինի, որը, ցավոք,  ծաղկուն ու ավարտուն վիճակում չտեսավ»:

Գրականագետ Հովիկ Չարխչյանի հեղինակությամբ 2004-ին լույս տեսավ «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատորյա գիրքը, որը պատմում է գրողի և Սուլամիթա Ռուդնիկի սիրո մասին: Գրողի ընտանիքն այս գիրքը, մեղմ ասած, ոգևորությամբ չընդունեց:

Սևակն ունեցել է սերեր նաև Սուլամիթայից հետո, այդպիսին էր նա՝ սիրառատ ու շատերի կուռքը դարձած բանաստեղծը: Ինչ է նրանից ժառանգել թոռը՝ Սևակ Ղազարյանը. Ասում է՝ սերը գյուղի հանդեպ, ամիսներով կարող եմ այնտեղ անցկացնել, արտասովոր հարազտության զգացողություն կա: Իսկ ամենակարևոր ժառանգությունը  սերն է՝  արվեստի, գրականության հանդեպ: