ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պե՞տք է արդյոք Հայաստանին հեղափոխական Ադրբեջան
2019-01-24 17:23:00

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Կանխատեսելի Ալիևը ավելի ձեռնտու է, արմատականներից, հայկական կողմի համար նախընտրելի տարբերակներից է խոսել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն էլ հետևելով Ադրբեջանում տեղի ուենցող իրադարձություններին, արձանագրում է, որ  փորձագիտական շրջանակներում  որոշ մտավախություններ են հնչում թե Ալիևը կարող է ղարաբաղյան խնդրում զիջումների գնալ:


0:00
0:00

 

Ադրբեջանի իշխանությունները վախենում են, որ  հայկական հեղափոխության վարակը տարածվի նաև այնտեղ. ադրբեջանագետ, ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը ուշադիր հետևում է մեր հարևան երկրում տեղի ունեցող զարգացումներին ու ներկայացնում փորձագիտական շրջանակներում հնչող կարծիքները:

Նա այս օրերին Ստրասբուրգում է։ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող փորձագետ-պատգամավորն արձանագրում է նաև, որ Ադրբեջանի դեմ ճնշումների արդյունքում այս երկիրը որոշեց վերանայել ազատազրկման դատապարտված բլոգեր Մեհմեն Հուսեյնովի գործը:

«ԵԽԽՎ-ում Ադրբեջանը  քննադատվում է քաղբանտարկյալների առումով: Ալիևն էլ, կարծես, ազատություն է շնորհում դիկտատորական ոճով՝ հաշվի առնելով իբր նրա երիտասարդ տարիքը»:

Ադրբեջանում աննախադեպ համարվող բողոքի բազմամարդ ակցիայից հետո հետապնդումներ են սկսվել: Ակցիայի մասնակիցներին փորձում են հասկացնել, որ չեն հանդուրժի համանման ակցիաների կրկնությունը: Այդպիսով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են կանխել երկրում դժգոհության ալիքի տարածումը:

Ալիեւին անհանգստացնում է նաեւ ընդդիմադիր ԶԼՄ- ներում տարածվող այն փորձագիտական կարծիքները, թե ինքը պատրաստվում է զիջումների գնալ ղարաբաղյան խնդրում։ Կարծիքներն այս առումով իրարից շատ են տարբերվում՝ ասում է պատգամավորը:

Ընդդիմադիրներն ավելի շատ մտածում են, թե ինչպես կարելի է դուրս գալ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ճիրաններից: Սա զգում է նաև Ալիևը և ամեն ջանք գործադրում՝ կանխելու հայաստանյան իրադարձությունների հնարավոր կրկնությունը իր երկրում:

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը աննախադեպ համարվող մեկ բողոքի ակցիան բավարար չի համարում՝ խոսելու այդ երկրում հնարավոր իշխանափոխության մասին:

Նա նաև չի կարծում, թե Ադրբեջանում իշխանության կարող է գալ մի ուժ, որը ղարաբաղյան խնդրում այսօրվա իշխանությունից տարբերվող մոտեցում կունենա:

Որքան էլ բռնապետ կամ կոռումպացված լինի Ալիևը, այդուհանդերձ ավելի կանխատեսելի է, ինչը ձեռնտու է հայկական կողմին՝ շեշտում է Վահրամ Աթանեսյանը: