ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կտրուկ շրջադարձեր չեն լինի. Դավոսում վերահաստատել է Փաշինյանը
2019-01-24 17:52:53

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Աշխատանքային այցով Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը։ Քննարկման ընթացքում վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ:

Մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, և մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով՝ շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 Հայաստանում տնտեսական հեղափոխության տեսլականի մասին վարչապետը խոսել է նաեւ այսօր՝ Euronews-ի թղթակցի հետ զրույցում:

0:00
0:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս երեկ մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Ի պատասխան քննարկումը վարող Մարտին Վոլֆի հարցի` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում մեկ ամիս առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք գնահատվել են ազատ, ժողովրդավարական և թափանցիկ։

«Եվ հիմա մենք մեծ հաջողություն ենք գրանցել ժողովրդավարության հարցում, բայց մենք նաև մեծ մարտահրավերներ ունենք, ու ամենամեծ մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է»։

Մենք հույս ունենք ներգրավել նոր օտարերկրյա ներդրումներ, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ, կարողացանք հիմնել իրական օրենքի պահանջներ, և մենք պատրաստվում ենք պարբերաբար պարզեցումներ կատարել ավելի շատ ներդրումներ գրավելու նպատակով՝ հավելել է Նիկոլ Փաշինյանը:  

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գովելի է համարում, որ Հայաստանը ներկայանում է նման խոշոր միջազգային տնտեսական հարթակներում: Նա, սակայն, կարծում է, որ ներդրումներ ակնկալելը դեռ վաղ է, քանի դեռ չեն ստեղծվել այդ պայմանները:

Անդրադառնալով Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությանն ու մամուլի ազատությանը` Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ։

«Բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, բայց ես կարող եմ պնդել դա»։

Զլմների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին անդրադառնալով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հատկապես հեռարձակվող լրատվամիջոցների հետ կապված տեղաշարժերը դրական են գնահատում ո՛չ միայն հայաստանյան կառույցները:

Դավոսում ունեցած քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերի մասին՝ շեշտադրելով նաեւ հայկական հեղախության մեջ դրա նշանակությունը:

«Իրականում մենք մեր հեղափոխությունը սոցիալական մեդիայի միջոցով իրականացրինք, որովհետև մենք մեդիա շրջափակման մեջ  էինք և կարողացանք բեկում մտցնել սոցիալական մեդիայի կիրառմամբ։ Այժմ ես շարունակում եմ ունենալ ուղիղ հեռարձակումներ իմ ֆեյսբուքյան էջով»:

Միաժամանակ անդրադառնալով սխալ, կեղծ նյութերին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ դա, իհարկե, արդեն մեծ խնդիր է:  Կեղծ նորություններն ազդում են նաեւ մեր երկրի իրականության ներկայացման վրա ամբողջ աշխարհում ու թե ի՞նչ կարելի է անել այս դեպքում, դա էլ մեծ հարց է:

«Ես անկեղծ կլինեմ՝ չգիտեմ ինչ անել այս իրավիճակում։ Եթե որևէ մեկը գիտի, ապա դա բոլորիս համար ուրախալի է»։

Սոցցանցերի ազդեցությունը սովորաբար երկկողմանի է լինում, մեզ հետ զրույցում նկատեց ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ դա ենք հիմա տեսնում, երբ նույն սոցցանցերի հնարավորություններն օգտագործվում են կեղծ լուրեր տարածելու գործում: Աշոտ Մելիքյանը նկատեց, որ ֆեյք լուրերը համաշխարհային խնդիր է: Կարծում է, որ օրենսդրական կարգավորումներ են պետք, բայց այստեղ վտանգներ նույնպես տեսնում է:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է մի քանի հնարավորություն կա իրավիճակը շտկելու: Առաջինը մեդիագրագիտության հանրային ծրագրերի կազմակերպումն է: Երկրորդը՝ իրական լրատվամիջոցների ուժեղացումը, ինչին պետք է լինի պետական աջակցություն:  

Կարևոր բոլոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ: Այս մասին այսօր Euronews-ի թղթակցի հետ զրույցում շեշտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ժամանակն է «քաղաքական հեղափոխությունը վերափոխել տնտեսականի»:

«Այդ նպատակով մենք պատրաստվում ենք պարզեցնել կարգավորիչ մեխանիզմները, ավելի դյուրացնել գործարարության ծավալումը Հայաստանում, բարեփոխել հարկային օրենսդրությունը»:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին նշել է, որ կտրուկ շրջադարձեր չեն սպասվում.

«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը շատ կարևոր է տնտեսության առումով, քանի որ այն մեծ շուկա է ապահովում հայկական բիզնեսի համար»:

Վարչապետը նաև հիշեցրել է, որ Հայաստանն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ԵՄ-ի հետ, որը նույնպես պատրաստվում է կյանքի կոչել:

Դավոսից վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա: Այստեղ վաղը նախատեսված է Հայաստանի վարչապետի ելույթը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում՝ ԵԱՏՄ կառույցներում Հայաստանի նախագահության կապակցությամբ: Այդ առումով սպասվող մարտահրավերներին ու ակնկալիքներին անդրադառնալով՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը շեշտեց, թե շատ մեծ ակնկալիքներ ԵԱՏՄ շրջանակներից ընդհանրապես չունի:

Ըստ քաղաքագետի՝ այս համագործակցությունը պարտադրված է, իսկ նման դեպքում ակնկալիքներ իրականում պետք չէ ունենալ: