ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անտոկոս վարկերի թաքնված տոկոսները. որտեղ են ծուղակները
2019-01-24 18:06:10

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ինչո՞ւ են անցյալ տարի կտրուկ՝ մի քանի անգամ ավելացել քաղաքացիների բողոքները վարկային կազմակերպություններից, որտե՞ղ են դրանց տված վարկերի ծուղակները:

Քաղաքացիները փնտրում են իրենց խնդրին լուծում, իսկ մասնագետները հորդորում են՝ պայմանագրերը կնքելուց առաջ՝ սովորել դրանք կարդալ։

 

0:00
0:00

 

Անցյալ տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների դեմ քաղաքացիների բողոքներն ավելացել են ավելի քան 6 անգամ՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Եթե 2017-ին վարկային կազմակերպությունների դեմ մենք ունեցել ենք 22 գրավոր բողոք, ապա 2018-ին 136 բողոք է ստացվել»:

«Ռադիոլուրը» քաղաքացիներից ստացել է որոշ դժգոհություններ, որ վարկային կազմակերպությունները հատկապես վերջին տարում վարկավորման տարբեր գայթակղիչ առաջարկներ են ներկայացնում, որոնք, սակայն, ծուղակ են պարունակում:

Ներկայացվող անտոկոս, առանց փաստաթղթերի, շատ արագ տրամադրվող վարկերը երբեմն քաղաքացու գրպանին այնքան թանկ են արժենում, որ միջնորդավճարները, տույժ ու տուգանքները տոկոսի վերածած՝ վարկի տոկոսադրույքը գերազանցում է 30 տոկոսը: Այս ու այսպիսի բազմաթիվ խնդիրները շատ ավելին են, քան դրանցով դիմում են ֆինանսական հաշտարարին:

« Ձեր մատնանշած հարցերով բողոքներ մենք գրեթե չունենք, օրինակ՝ այնպիսի հարցերով, որ մի ամիս վարկը եղել է անտոկոս, հետո դարձել տոկոսով: Մենք պետք է հիշենք, որ քաղաքացին կարող է դիմել ֆինանսական հաշտարարին, եթե ունի գույքային պահանջ: Այսինքն՝ եթե ինքը գտնում է, որ կրել է վնաս ու այդ վնասի փոխհատուցման համար դիմում է ֆինանսական հաշտարարին՝ վնասի հատուցման նպատակով»:


Ստացվում է, որ իրականում վարկային կազմակերպություններից քաղաքացիների դժգոհությունները շատ ավելի շատ են: Խնդիրներին լավատեղյակ է «Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ տնտեսագետ, վարկային մասնագետ։ որը չցանկացավ ներկայանալ: Վարկային գայթակղիչ առաջարկները երբեմն ծուղակ են պարունակում՝ շեշտում է ու բացատրում՝ նախ գործարքն առանց փաստաթղթերի չէ. երկկողմ պայմանագիրն արդեն փաստաթուղթ է: Վարկն առանց գրավի է, քանի որ գումարը փոքր է, ու վարկ տվողը հեշտությամբ կարող է դատարանով հետ ստանալ կամ բռնագանձել: Շահառուին ամենագրավողը առանց տոկոսադրույքի վարկի խոստումն է, ու ծուղակները հենց այստեղից են սկսվում:

« Ամենակարեւորն այն մասն է, որ նշվում է՝ առանց տոկոսի: Բայց վարկը, կոպիտ ասած, առանց տոկոսի չէ: Այնտեղ կան կոմիսիոն վճարներ, վարկը ստանալիս արդեն իրենք պահում են իրենց միջնորդավճարը, որը եթե վերածում ես տոկոսի, շատ ավելի բարձր է գալիս, քան թույլատրում է Կենտրոնական բանկը տոկոսադրույք կիրառելու համար՝ մինչեւ 24 տոկոս»:

Ովքե՞ր են դիմում նման վարկեր ստանալու: Մարդիկ, ովքեր արդեն ունեն վարկեր կամ այլեւս չեն կարողանում ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել, դիմում են վարկային կազմակերպությունների գրավիչ, բայց իրականում թանկ վարկերի:

« Ժողովրդի 90 տոկոսը չի պատկերացնում, շահագրգռված գնում են, վերցնում: Հետո արդեն վերադարձնելիս հաշվարկում են ու տեսնում, թե որքան թանկ է նստում դա իրենց վրա: Առաջին անգամ վերցնելուց հետո 90 տոկոսը նորից երկրորդ անգամ վարկավորվում է ավելի ծանր պայմաններով՝ տոկոսներ, միջնորդավճարներ: Այս ամենը բերում է սոցիալական լուրջ հետեւանքների»:

Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել են նաեւ վարկային կազմակերպությունների օգտին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության բռնագանձումները: Սա վկայում է, որ վարկային կազմակերպություններից վարկառուների ավելացմանը զուգահեռ՝ ավելացել են նաեւ վարկ մարել չկարողացողները:

Վարկային կազմակերպությունները վերահսկելու բացառիկ իրավունքը Կենտրոնական բանկինն է, որը դրանց համար հաստատում է որոշ սահմանափակումներ ու  կանոնակարգեր, բայց տնտեսագետ զրուցակցիս համոզմամբ՝ այս կարգավորումներն էլ պետք է լրջորեն կարգավորվեն: Ֆինանսական հաշտարարն իր հերթին հորդորում է ֆինանսական ծուղակի մեջ չընկնելու համար մանրամասն ծանոթանալ վարկային պայմանագրերին, չտրվել գովազդների գայթակղությանը ու ամեն մարդու համար վարկի երաշխավոր չդառնալ: