ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քննադատությունից արդարացում. պարգեւավճարների թեման շարուկանվում է
2019-01-24 18:35:14

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Շաբաթվա սկզբում թեման սկսվեց մարզպետերի ու մարզպետարանների աշխատակիցների  պարգևավճարներով: Հետո Երևանի քաղաքապետարանն էր, իսկ երեկվանից ակտիվորեն քննարկվում է ՊԵԿ աշխատակիցների պարգևատրումներն ու  հավելավճարները՝ 2 մլն դրամից մինչև 9 մլն դրամ:

Թեման թեժ էր այսօր նաև կառավարությունում, ինչպես նիստից առաջ, այնպես էլ նիստից հետո լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր:

«Ռադիոլուրի» հետ զրույցում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ասել է, որ 2019-ին պարգևատրումների ֆոնդը  20 տոկոսով ավելացրել է:

0:00
0:00

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ինչպես իր գործընկերներից շատերը, նախորդ տարին փակել են պարգևավճարներով: Նրա խոսքով, առձեռն վճարված պարգևատրման  առավելագույն չափը  1,5 մլն դրամ է:

Վստահեցնում է.

«Պարգևատրվել են բոլոր հարկայինի ծառայողները՝ ինձանից  սկսած վերջին տեսուչով և հավաքարարով ավարտված։ Ինչ  կատարվել է, ինչ-որ հաշվարկվել է, կատարվել է օրենքի շրջանակներում:

ՊԵԿ-ը, ըստ Անանյանի, մյուս գերատեսչություններից տարբերվում է նրանով, որ պարգևատրումների ֆոնդն ավելի մեծ է:

«Որովհետև այստեղ ավելի մեծ են կոռուպցիայի ու կաշառակերության ռիսկերը: Բոլորն ստանում են իրենց մասնակցության, իրենց ստեղծած արժեքին համապատասխան պարգևատրումներ: Դա չափվում է կոլեգիալ: Դրա մեջ կա նաև սուբյեկտիվիզմ՝ ելնելով նրանից, որ ես ղեկավարում եմ այդ կառույցը: Թույլ տվեք ես որոշակի սուբյեկտիվիզմի շրջանակներում որոշումներ կայացնեմ»:

Այսօր պարզվեց նաև, որ պարգևատրումներ, հավելավճարներ, 13-րդ աշխատավարձեր ստացել են նաև մյուս գերատեսչությունները: Սակայն նախարարներից ոչ բոլորն են իրենք իրենց պարգևատրել: Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց.

« Այո, ստացել են մեր աշխատակիցները պարգևատրումներ: Թիվը չեմ կարող ասել: Վերջին պարգևատրումը նախարարը, տեղակալներ չեն ստացել, իսկ մնացած աշխատակիցները, ըստ իրենց ղեկավարների գնահատականների, ստացել են: Չեմ կարծում, որ միջինը 200 հազար դրամը գերազանցած լինի»:

Պարգևատրումներ, հավելավճարներ ու 13-րդ աշխատավարձ ստացել են նաև տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում։ Նախարար Տիգրան Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց.

« Չեմ կարող ձեր հարցին պատասխանել, ես չգիտեմ մյուս գերատեսչություններում որքան է եղել: Միջինը, մեր նախարարության դեպքում, չափավոր՝ օրենքով սահմանված կարգով ու աղբյուրներից: Ես ստացել եմ, այո»:


Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը «Ռադիոլուրի» հետ հետ զրույցում  ընդգծեց՝ պետական կառավարման համակարգ է  եկել մասնավորից՝ թողնելով բարձր աշխատավարձ:

Պետական համակարգում աշխատավարձերը  ցածր են, օրենքի սահմաններում մշակել  է  պարգևատրման  ուղղահայաց ու հորիզոնական մեխանզիմներ:

« Օրինակ, Նոր տարվա հետ կապված բոլորը ստացել են հորիզոնական հավելյալ վճար: Կոնկրետ թիվը չեմ կարող ասել, աշխատավարձի չափով, մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Ուղղահայացը, ըստ էության, արդյունավետության բարձրացման, մեր մեսիջների ճիշտ տեղ հասնելու  արդյունքում տրվող ուղղահայաց բոնուսային համակարգն է»:

Ուղղահայաց բոնուս կստանան նրանք, ովքեր նախաձեռնող են, հավելյալ աշխատանքից ու պատասխանատվությունից  չեն խուսափում: Պարտաճանաչ են, աշխատանքի նկատմամբ  պատասխանատու են ու պրոֆեսիոնալ:

Եթե նախորդ տարիներին այս գերատեսչությունում  պարգևավճարները կազմում էին ընդհանուր բյուջեի 10 տոկոսը, ապա այս տարվանից՝ 30:

Առաջարկում եմ նաև լսել, թե ինչ են մտածում մեր համաքաղաքացիները  պարգևատրումների, հավելավճարների ու 13-րդ աշխատավարձերի մասին.

«Դա կարծեմ օրենքի սահմաններում է, միշտ էլ եղել է: Դա 13-րդ աշխատավարձն է, որը մենք խորհրդային  տարիներին միշտ ստացել ենք: Բոլորը միասին շատ մեծ գումար է, և այս աղքատ երկրում չի կարելի գումարներ հատկացնել որպես պարգևավճար: Փոխանակ մեր ավանդները տան, իրենք իրենք են պարգևատրում: Գոնե ոչ հիմա իրենք իրենց պարգևատրեին: Իրենք մեզ համար դեռ մաքուր ու կուսական են: Եթե ստանում են պարգևավճար, գոնե փոխանցեն  կարիքավոր ընտանիքի»:

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օրինակ հայտարարեց, որ  պարգևատրված 15 աշխատակիցներով հունվար ամսվա իրենց  աշխատավարձներից որոշակի գումար կկանխիկացնեն ու կուղղեն    մարզի բազմազավակ ընտանիքներից  որևէ մեկին: