ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որդեգրմամբ փոխվում է ընտանիքի և մանկատան երեխայի կյանքը
2019-01-25 14:00:50

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Արմավիրում 11 ընտանիք սպասում է երեխայի որդեգրմանը: Խնդիրը ոչ թե որդեգրման փաստաթղթային երկարուձիգ գործընթացի մեջ է, այլ երեխա գտնելու:  Նրանք այն ամուսնական զույգերն են, որոնց համատեղ կյանքի ընթացքում երեխաներ չեն ծնվել: 

0:00
0:00

Ամուսնական միջին տարիքի զույգերն ընտանիքում երջանկություն և նոր գույներ ավելացնելու նպատակով  գերադասում են  որդեգրել հիմնականում նորածին երեխաների: 2017թ-ին երեք ընտանիք որդեգրել է  3 երեխա, իսկ 2018-ին՝ մեկ երեխա է որդեգրվել:  Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը նշում է, որ ամուսնական զույգերի մեջ քիչ են երեխա ունեցողները, որոնք իրենց երեխաների կողքին ուզում են մեծացնել մանկատան երեխաներին:

Տիկին Սրբուհին հիմա սպասումների մեջ է, 4 ամիս Հայաստանի տարբեր մանկատներում փորձում է գտնել այն տղա երեխային, ով կլրացնի 3 տարի առաջ  կորցրած իր  որդու տեղը: Սրբուհու 2 աղջիկներն  ամուսնացած են, 3 երեխա ունեն,  սակայն ապրում են արտերկրում: Արդեն մեկ տարի ամուսինները վճռել են տղա երեխա որդեգրել ու սկսել են գնալ նպատակի ետևից: Սրբուհին 20 տարի մանկական բուժքույր է եղել, շփվել բազմաթիվ փոքրիկների հետ, հոգացել նրանց խնամքը և այժմ էլ պատրաստվում է օտար երեխային որդեգրել, սիրել ու պահել հարազատի պես:

Սրբուհին որդեգրին շրջապատից թաքցնելու ոչինչ չունի, ասում է, որ երեխան պետք է ճշմարտությունն իմանա: Ընտանիքը սոցիալապես ապահովված է, առողջ են, ամուսիններով աշխատում են, սակայն որդեգրման ենթակա առողջ երեխա չեն կարողանում գտնել:

Կրկին թակելով համպատասխան դռները, ուսումնասիրելով ունեցած բազան Սրբուհու կիսաթաց աչքերը փայլեցին, երեխաների մեջ առանձնացրել է 4-ին,  Գյումրու և Երևանի մանկատներից: Բժշկի ստացած տեղեկություններով այդ երեխաների մոտ թեթև առողջական խնդիրներ կան: Մանկաբույժ Ասյա Ղարիբյանը տեսնելով երեխաների ախտորոշումը ենթադրեց, որ հիվանդությունները հնարավոր է բուժել և երեխաները կարող են հետագայում առողջ լինել:

Տեղեկությունները ստանալուց հետո Սրբուհին ուղևորվելու է Գյումրի: Ասում է, եթե երախային հնարավոր է բուժել, որպեսզի նա առողջ լինի, ապա ամուսիններով պատրաստ են մանկատնից բերել նրան,  բուժել ու պահել: Մանկատների երեխաների մեծ մասն ունեն առողջական տարբեր խնդիրներ: Էջմիածնում գործող  «Մեր տուն» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրանուհի կարապետյանը երկար տարինեևր շփվում է մանկատների երեխաների հետ.

«Բոլորն էլ գրեթե ունեն առողջական տարբեր խնդիրներ, երբ բերում ենք մեզ մոտ, աղջիկներին ուղարկում ենք հետազոտման, հիվանդություններ հայտաբերելու դեպքում կազմակերպում ենք նրանց հետագա բուժումը, արդեն 3-4 վիրահատություններ ենք կազմակերպել, առողջացել են, ամուսնացրել ենք, ունենք շատ թոռնիկներ»:

Հիվանդ երեխաներին տեղացիները չեն որդեգրում, բայց բացառություններ եղել են: Չնշելով անձնական տվյալները,  սիրիահայ ընտանիքը տարիներ առաջ որդեգրել է 2 երեխայի, որոնցից մեկն ունի հենաշարժական խնդիրներ: Ծնողները մեծ խնամք ու հոգատարություն են ցուցաբերում նրանց նկատմամբ:  Եթե աղջիկների մի մասը մանկատնից հետո գնալու տեղ ունի, որտեղ ապրում են, ձեռք բերում տարբեր հտություններ, ամուսնանում և կազմում ընտանիք, ապա տղաների ճակատագրերն անորոշ են: Տիկին Սրբուհին ցանկանում է փոխել մանկատան մեկ տղա  երեխայի կյանքը: