ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վթարից տուժած զինվորները հոսպիտալում են
2018-11-08 10:02:19

Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ԶՈւ-ն կրել է մեծ կորուստ, ամեն զինվորականի կյանք մեզ համար թանկ է»,- գրել է նա:

Թե որն է վթարի պատճառը, Հովհաննիսյանի խոսքով, առայժմ հայտնի չէ: Ըստ նրա՝ դեռ որևէ հիմնական պատճառ չգիտեն: Չեն կարող ասել՝ մարդկային գործոնի հետևանք է, թե տեխնիկական:

«Տեղի կունենա քննություն, և վստա՛հ եղեք, որ եթե կան մեղավորներ, ապա անպայման խստորեն կպատժվեն: ՀՀ ԶՈւ-ն իրականացնում է ինտենսիվ մարտական պատրաստություն և զորավարժություններ, ինչը նշանակում է նաև մեծ տեղաշարժեր: Իսկ նման դեպքերում, ցավոք, երբեմն հնարավոր չի լինում խուսափել դժբախտ պատահարներից: Նորից ու նորից ցավում ենք մեր կորստի համար»,- գրել է ՊՆ խոսնակը:

Վթարի հետևանքով մահացել է 4 ժամկետային զինծառայող: Մեքենայում գտնվել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։ Վթարը տեղի է ունեցել ժամը 13։00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: