ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կարողանալ պարտվել՝ կյանքում ամենակարեւորը. Տիգրան Մանսուրյան
2019-01-27 11:00:51

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2019-ը Հայաստանում Մանսուրյանական է. այսօր՝ հունվարի 27-ին, Մաեստրոն կնշի ծննդյան 80-ամյակը: Հոբելյանական համերգների շարքը կմեկնարկի նույն օրը՝ Լոս Անջելեսի «Զիփեր հոլ» դահլիճում: Համերգին կմասնակցի աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը: Հաջորդ համերգը հունվարի 30-ին է՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Կհնչեն Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները: Ռոբերտ Մլքեյանի գլխավորած կամերային նվագախմբի հետ երկու համերգ է նախատեսված մարտ ամսին, և սա դեռ ամենը չէ…

0:00
0:00

Երկու քույրերն արդեն ժամանել են Հայաստան՝ Արաքսն ու Սոնան, աղջիկն էլ այսօր է գալու Լոս Անջելեսից: Ասում է՝ մի տեսակ խառը ժամանակ է, կյանքի 80-րդ տարվա նախաշեմին ինքն իրեն հետևելու, հաշիվ տալու ժամանակը դեռ չի գոյացել: Հունվարի 27-ին կլինի ընտանեկան հավաք, ոչ պաշտոնական: Ներկա կլինեն հարազատներն ու տարիների ընկերները:

Տոնական օրերին կարևորություն չի տալիս, թույլ չի տալիս, որ դրանք իշխեն իր վրա, սթափ է, աշխատանքի հանդեպ սթափությունը երբեք չի կորցնում: Իսկ ումից Մաեստրոն կցանկանար լսել ամենացանկալի մաղթանքը ծննդյան օրը. «Գուցե սենտիմենտալ թվամ, բայց իմ կնոջից կուզեի լսել, որը չկա»:

Առանց ավելորդ սեթևեթանքի խոստովանում է՝ իմ նկարագրի մեջ կարևոր տեղ ունի հավատարմությունը: Ամբողջ ստեղծագործական կյանքս կայացման մի մեծ կռիվ է, պահը, որ ինձ պիտի ազատ թողնեմ, դեռ չի եկել: Մանսուրյանական մտորումներ մեր օրերի մշակութային վայրիվերումների մասին. Դետալներին չի տրվում: «Չնայած գիտեմ դետալները, բայց թույլ չեմ տալիս, որ դրանք իշխեն ինձ: Արվեստում խառնաշփոթը մեծ է: Եթե լիներ խորհրդային տարիների արգելող փայտիկը, այդպես չէր լինի, բայց չէ որ մենք հրաժարվել ենք փայտիկից»,-ասում է:

Այսօր բոլորը մշակութային հեղափոխության անհրաժեշտությունից են խոսում: Սրա վերաբերյալ Մաեստրոյի կարծիքն էին փորձում պարզել. «Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ, որ կա նման գործընթաց»:

Մշակույթում հեղափոխական գործընթացներից տեղյակ չէ Մաեստրոն, նա գիտի, որ բարձր արժեքներն իրականում հեղափոխություններից անկախ են ծնվում: Այս պահին իր առջև դրած ամենամեծ նպատակը, բոլորիս նման արժեք է խոստանում՝ հոգևոր երաժշտության ոլորտում:

Ինչի համար է ափսոսում. որ երիտասարդ տարիներին ավելի եռանդուն ու արդյունավետ չի աշխատել: «Խորհրդային համակարգի ներսում ինձ հարազատ չէի զգում: Չեմ կարող ասել, թե նեղացրել են, խորթ զավակ եմ եղել, բայց չեմ հավատացել այդ համակարգին»,-ասում է:

Ունի երազանքներ, որ անկատար են մնացել. օտար լեզուներ այդպես էլ չսովորեց: Ասում է. «Երբ դու գիտես լատիներեն, բոլորովին ուրիշ մարդ ես»:

«Գիտեք, մեկ էլ տեսա, որ Չեխով վատ գիտեմ, այնքան վատ էի զգում ինձ»:

Մտավոր թռիչքներն այսօր նրան տանում են նաև վիրտուալ իրականություն: Մանսուրյանը բացահայատումներ է անում նաև համացանցում՝ հիմնականում գիշերը, երբ ոչ մի զանգ չի հնչում:

Վերադարձ իր բուն ակունքին՝ դասական երաժշտությանը, ավելի ճիշտ՝ ժամանակակից աշխարհն ու դասական երաժշտությունը մանսուրյանական տեսանկյունից:

Ի՞նչն է նրան օգնում մնալ կանգուն, հաղթահարել դժվարությունները, պարզվում է՝ պարտվել իմանալու կարողությունը: «Տասը տարի տվել եմ Ֆոլքներին, գավառական այդ հսկային: Այնպես, ինչպես նա է ինձ սովորեցրել պարտվել, ուրիշ ոչ ոքի չի հաջողվել: Պարտվել պետք է կարողանալ, դա է կարևորը»,- ասում է Մանսուրյանը:

Վերջում խնդրեցինք ինչ-որ բան կատարել իր ստեղծագործություններից, ասաց՝ գիտեմ «Կտոր մը երկնքից» եք սպասում, բայց Հրանտի սիրած գործն եմ նվագելու «Աշնան արևից»: