ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շրջհարկից՝ ԱՀՀ. կթանկանա՞ն ծառայությունները
2019-01-26 12:00:51

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հունվարի 23-ին իրավական ակտերի  նախագծերի e-draft.am կայքում տեղադրվել է  ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Մի քանի օրում այն  բազմաթիվ ընդդիմախոսներ է ձեռք բերել:  Որքան էլ կառավարությունում պնդում են՝   հարկային բեռի նվազում են նախատեսում, սակայն հարկատուները հակառակն են պնդում։

«Ռադիոլուրի» զրուցակից իրավաբաններն ու հաշվապահները մատուցվող ծառայությունների գների բարձրացում են կանխատեսում:

0:00
0:00

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում տեղադրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին ինտերնետային քվեարկության մասնակիցների 93 տոկոսը դեմ է, 7 տոկոսը՝ կողմ։

Նախագիծը հարուցել է տնտեսվարողների դժգոհությունը: Առաջարկվող   փոփոխություններով,  խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժե­­­նե­­րա­կան, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառա­յու­­թյուն­ներ մատուցողները, ու ոչ միայն, միկրոձեռնարկատեր չեն համարվի, ուստի շրջանառության հարկից կանցնեն ԱԱՀ դաշտ:

Հաշվապահ զրուցակիցս անընդհատ փոփոխվող հարկային օրենսդրությանը վերաբերող դժգոհություններին ավելացնում է նաև այս մեկը. 

«Իհարկե բացասական է ազդելու, քանի որ հարկային բեռը բարձրանալու է: Դա հիմնականում կազդի փոքր ու միջին հաշվապահական ընկերությունների վրա: Խոշորները հիմնականում աուդիտորական ընկերություններն են: Այս փոփոխությունը նրանց վրա չի ազդի: Ազդելու է  փոքր ու միջին բիզնեսի վրա, ովքեր 5 տոկոսի փոխարեն 20 տոկոս են վճարելու, նաև՝ շահութահարկ»:            

Զրուցակիցս  որակյալ ծառայությունների գների բարձրացում է կանխատեսում:

«Որակյալ ծառայություն ապահովելու համար ամեն դեպքում գները կբարձրանան, քանի որ ամեն դեպքում հաշվապահները պետք է վերապատրաստման գնան, իսկ դրանից ծախսերն են ավելանալու են: Ստացվում է՝ հարկերն են ավելանալու, իսկ եթե վերապատրաստման չգնան, որակյալ ծառայություն չեն կարող մատուցել, ամեն դեպքում հարկը ծառայության գնի վրա ազդելու է»:

Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները նույնպես գների բարձրացում են կանխատեսում: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական, փաստաբան Գևորգ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է. այս կարգավորումը մեծ ու փոքր տնտեսվարողներին նույն հարկային դաշտ է բերում.

«3 բոլոր փաստաբանները՝ անհատ ձեռնարկատեր կլինեն, թե մեծ ձեռնարկատեր, կաշխատեն ԱԱՀ-ով, որի պարագայում շուրջ հինգ անգամ հարկային բեռը կավելանա»:

Հարկային բեռի ավելացմանը զուգահեռ՝ կթանկանան նաև մատուցվող ծառայությունները, արդյունքում՝ Հայաստանի քաղաքացիների մի հատվածը պարզապես կզրկվի  իրավաբանական վճարովի, սակայն մատչելի խորհրդատվություն ստանալու հնարավորությունից.

«Այս դեպքում քաղաքացիներից շատերը ստիպված կլինեն առանց  այդ էլ արդեն խիստ ծանրաբեռնված հանրային պաշտպանի գրասենյակ դիմել, պետությունը պետք է ավելի մեծացնի հանրային պաշտպանի գրասենյակի կազմը, հետևաբար՝ ծախսը»:

Զրուցակիցս  չի հասկանում, թե պետությունն այս կարգավորմամբ ինչ հարց է լուծում՝ փաստաբաններին ավելի բարձր հարկով է հարկում, որպեսզի ավելի մեծ  հանրային պաշտպանի գրասենյա՞կ ունենա, մեծ ծախսեր իրականացնի, թե՞ այլ պատճառ կա.

«Ուղղակի սրանով իրավաբանական խորհրդատվությունից զրկվում են այն քաղաքացիները, ովքեր քիչ թե շատ հնարավորություն չունեին վճարելու»:

Գուցե քաղաքացիների մի խումբն էլ ընդհանրապես իրավաբանական  խորհրդատվություն ստանալու հնարավորությունից զրկվի: Ֆինանսների նախարարությունում վերը նշված դիտարկումների հետ համամիտ չեն:   Նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ընդգծում է՝ այս հարկման համակարգի գաղափարն այն է, որ պետք է գործ ունենան պարզունակ ձեռնարկատիրական նախագծերի հետ.

«Ենթադրվում է, որ կայացած ձեռնարկատիրական նախագծերը պետք է հատեն 24 մլն դրամի շեմը, գտնվեն շրջանառության հարկի կամ հարկման ընդհանուր համակարգում: Այս տրամաբանության ներքո ձեռնարկատիրական հարկման համակարգից բացառվել են բոլոր մասնագիտական ծառայությունները»: 

Պարզաբանում է՝ ձեռնարկատերերի մոտ սրանք ենթադրում են բավարար մասնագիտական հմտություններ ու կարողություններ, նրանք կարող են ինքնուրույն հաշվարկել ու կատարել հարկային պարտավորությունները.

«Այլ գործունեությունների հետ համեմատությամբ՝ գործունեության այս տեսակները բնութագրվում են շահութաբերության ավելի բարձր մակարդակով»: 

Տնտեսվարողները պնդում են՝ նախագիծը հայտնվել է www.e-draft.am կայքում՝ առանց իրենց հետ քննարկելու և կարծիքը հաշվի առնելու:

Մինչև փետրվարի 7-ը դեռ ժամանակ կա: Շահագրգիռ կողմերը կարող են իրենց առաջարկները ներկայացնել: