ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Լայն ժպիտների ու Փաշինյանի ԵԱՏՄ հայտարարությունների ամփոփումը
2019-01-25 18:14:07

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Մոսկովյան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում նախ իր ելույթում անդրադարձել է 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին փոխանցնելու հարցին:

Ապա եւ ՀՀ վարչապետը հանդիպել է ռուս լրագրողներին՝ պատասխանելով ամենատարբեր հարցերի՝ սկսած արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխությունների հնարավորությունից, վերջացրած՝ «ի վերջո՝ ի՞նչ է Ձեր հայրանունը» հարցով:


0:00
0:00

Մոսկովյան աշխատանքային այցի ֆոտոշարքում շարունակ լայն ժպտում են Հայաստանի ներկա ու նախկին վարչապետերը: Տիգրան Սարգսյանը նախ դիմավորում է Նիկոլ Փաշինյանին, ուղեկցում այցի ընթացքում, ընկերակցում ԵՏՀ կենտրոնակայանում ելույթի ժամանակ ու լուսանկարվում ձեռքսեղմումով:

Այս հունվարի 1-ից Հայաստանն է նախագահում Եվրասիական տնտեսական միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողով: Ու այս հարթակում Փաշինյանը Հայաստանի անունից վստահեցնում է՝ ամեն ջանք կգործադրվի ինտեգրման դրական դինամիկան պահպանելու, տնտեսական աճի խնդիրները լուծելու համար, բայց եւ խոստովանում է՝ ժամանակին հենց ինքն էր ամեն կերպ դեմ այս կառույցին անդամակցությանը:

Հույս ունեմ, որ մեկ տարի հետո կունենանք ավելի համախմբված եւ արդյունավետ միություն. Նիկոլ Փաշինյան

«Դուք գիտեք պատգամավոր եղած ժամանակ իմ ունեցած դիրքորոշումը: Այն ժամանակ ես դեմ եմ քվեարկել Եվրասիական միությանը միանալուն, իսկ ավելի ուշ քննարկումներ եմ անցկացրել ԵԱՏՄից դուրս գալու վերաբերյալ: Սակայն եթե մենք կարծում ենք, որ դա սխալ որոշում է, դա չի նշանակում, որ սխալներն ուղղելու համար պետք է ճիշտ հակառակ քայլեր անել: Արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը որևէ օգուտ տալ չեն կարող»։

Հաջորդիվ՝ արդեն ասուլիսի ժամանակ ռուս լրագրողներին հետաքրքրում են նաեւ հայ-ադրբեջանական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով: Հասկանալով, որ հետաքրքիր են Փաշինյան-Ալիեւ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումների բոլոր դրվագները, այդուհանդերձ, էթիկապես ճիշտ չէ մանրամասների հրապարակումը՝ ասում է Փաշինյանը, բայց եւ շտապում ավելացնել՝ քննարկումն ընթացել է նախկինում արդեն արված հրապարակային հայտարարությունների շուրջ։ Դավոսյան հանդիպումից էական արդյունքներ չկան, այդպիսիք չեն էլ ակնկալվել, քանի որ հանդիպումն «ուղղակի շփում» է եղել, ոչ թե բանակցություն:

« Ես բազմիցս ասել եմ, որ այս բանակցություններում ես կարող եմ ներկայացնել Հայաստանը, բայց ոչ Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: Նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետի: Իրենք ընտրում են իրենց նախագահին ու խորհրդարանը: Ես չեմ կարող բանակցել Արցախի անունից»։  

Գազի գնի մասով: Ոչ միայն պաշտոնական Մոսկվայի հետ, այլեւ առհասարակ ԵԱՏՄ շրջանակներում է ցանկալի դիտարկել այս հարցի երկարաժամկետ լուծումը, քանի որ խոսքն ընդհանուր տնտեսական տարածքի մասին է՝ ասել է Փաշինյանը:  Առայժմ խոսքն այն մասին է, որ 2019-ին գազի սակագինը սպառողի համար չի բարձրանա։ Մենք 1 տարի ունենք Ռուսաստանի, «Գազպրոմի» և ԵԱՏՄ գործընկերների հետ խորհրդակցելու և խնդիրը երկարաժամկետ հեռանկարում լուծելու համար:

« ՀՀ կառավարությունը 2019-ին չի սուբսիդավորի գազի գործող սակագինը, և որևէ բաժնետոմս փոխարենը չի փոխանցվելու։ Ամեն ինչ մնալու է նախկինի պես: Փոխարենը ժամանակ կլինի խնդիրն ավելի մանրակրկիտ քննարկելու համար»։

Ռուս լրագրողներից մեկն էլ նախքան հարցը հնչեցնելը նախ հետաքրքրվել է՝ ի՞նչ է ի  վերջո Փաշինյանի հայրանունն, ու ինչպե՞ս է ճիշտ դիմել իրեն՝ Նիկոլ Վովաևի՞չ, թե՞ Նիկոլ Վլադիմիրովիչ:

« Հորս անունը Վովա է:Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ավելի ընդունված է Վլադիմիր անունը։ Բայց Հայաստանում Վովա անունը բավական մեծ տարածում ունի հատկապես  այն սերնդի ներկայացուցիչների շրջանում, որին պատկանում է նաև իմ հայրը: Ըստ այդմ՝ ճիշտ է դիմել Նիկոլ Վովաևիչ»:

ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ քննարկում է մի շարք կարևոր ներդրումային նախագծեր, այդ թվում` արդյունաբերական։ Հայաստանի վարչապետը ռուսական լրատվամիջոցներին փոխանցել է, որ օրինակ՝ ՎՏԲ բանկի հետ քննարկվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ֆինանսավորման հարցը։ Ձգձգվող խնդիրն այժմ դատարանում է, սակայն հույս կա, բանկը կկարողանա պայմանավորվել հանքավայրը կառավարող օպերատորի հետ՝ մանրամասնել է Փաշինյանը:

Քաղաքագիտական ու տնտեսագիտական շրջանակներում արդեն շտապում են գնահատականներ տալ Փաշինյանի վերջին այցին ու հայտարարություններին՝ նախ փնտրելով հակասություններ հին ու նոր մոտեցումների միջեւ: