ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
2019-01-25 18:20:26

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիր

Այսօր  Արմավիրի  ավագանին  միաձայն Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Արմավիր քաղաքն ունի 34 պատվավոր քաղաքացի, որոնց մի մասին  Արմավիրի քաղաքապետարանը հանձնել է պատվավոր քաղաքացու  750 հարգի 47 գրամ քաշով  ոսկե հուշամեդալ: Ոսկե հուշամեդալ է ստացել նաև Մանվել Գրիգորյանը: Մեդալի վերադարձը կքննարկվի օրենքով սահմանված կարգով:   

0:00
0:00

Արմավիր քաղաքի ավագանին այսօր ուժը կորցրած ճանաչեց  2006թ դեկտեմբերի 5-ի նիստի այն որոշումը, որով  ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին շնորհվել էր Արմավիր քաղաքի պատվավոր  քաղաքացու կոչումը: Կոչումը շնորհելուց հետո Արմավիր քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանին հանձնել էր  պատվավոր քաղաքացու ոսկե հուշամեդալ 750 հարգի, 47 գրամ քաշով:

Ոսկե  հուշամեդալի արժեք, ըստ Արմավիրի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Աննա Գրիգորյանի,  կազմել է մոտավորապես  500 հազար դրամ, մինչդեռ ավագանու անդամները խոսում էին մինչև 1 միլիոն արժողության մասին:


Պատվավոր քաղաքացու ոսկե հուշամեդալի պատվիրման  վերաբերյալ ինչպիսի հիմքեր կան քաղաքապետարանում Աննա Գրիգորյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ պահպանվում են միայն որոշումները, իսկ  արխիվային փաստաթղթերը պահվում են մինչև 5 տարի ժամանակով: Ավագանու անդամ Առնակ Ումուրշատյանն առաջարկեց վերանայել պատվավոր քաղաքացիներին տրվող հուշամեդալների որոշումը և ծախսերը չշռայլել:Հարցը վերանայվելու է հետագայում:

Արմավիր քաղաքն ունի 34 պատվավոր քաղաքացի, որոնց մի մասին տրվել է սովորական, հասարակ մետաղից պատրաստավծ հուշամեդալ, իսկ մյուսներին՝ ոսկե:  Իսկ թե  քանիսին են ստացել ոսկե հուշամեդալ՝ քաղաքապետարանից ստույգ պատասխան չտրվեց: Վերջին անգամ պատվավոր քաղաքացու կոչում է տրվել 2017թ տարեվերջին  Ոստիկանության Արմավիրի մարզային  վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին և Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանին: Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը օրակարգ էր մտել Արմավիրի նախաձեռնող խմբի առաջարկով: Նախապես կազմակերպվել էր ստորագրահավաք:

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կարևորում է կոչման բարձր արժեքը, որի կրողը հետագայում  չզրկվի կոչումից.

«Պետք է լինեն անբասիր վարքի տեր մարդիկ, ժողովրդի կողմից սիրված, պետք է իրենց երկարամյա աշխատանքային գործով ծառայած լինեն քաղաքի շենացմանը»:


Արմավիրի ավագանու նիստին ներկա 9 անդամները չեն առարկել Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն, նշեցին, որ կատարել են ժողովրդի պահանջը:

Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացիների շաքում են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, նախկին մարզպետներ Ալբերտ Հերոյանն ու  Աշոտ Ղահրամանյանը:

Նախաձեռնող խումբը նշեց, եթե անցած տարվա ապրիլին ժողովուրդը մերժեց նախորդ վարչակազմին, ապա հետագայում էլ պետք է հեռացնեն նրանց ներկայացուցիչներին ավագանու պատվավոր քաղաքացիների շարքից: